Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՂՍՐՏՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 22,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ քառասուներկուերորդ

ՆԵՂՍՐՏՈՒԹՅՈՒՆ

Եվ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հրանտն ինձ Մինասին հավասար նկարիչ ա համարում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ մասին «Արվեստ» ժուռնալում էլ ա գրել», եւ ես ժպտալով ասացի՝ «քեզ համար աշխարհի էրեսին ամենակարեւորը Հրանտի կարծիքն ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ, ուզենք թե չուզենք, Հրանտը մեծություն  ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ Հրանտը հազարից մեկին ա գովում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մանավանդ՝ արձակի գծով» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «արձակագիրներից մեկ էլ Վանոյին ա ըտենց գովացել», եւ ես ժպտալով հարցրի՝ «դու քեզ արձակագիր ե՞ս համարում», եւ Վարուժը բավական երկար մտածեց ու ասաց՝ «որ Հրանտը համարում ա, ե՞ս ինչի չպիտի համարեմ», եւ ես ասացի՝ «քո «Մինասի վերադարձն» իրոք լավ գիրք ա», եւ Վարուժը ժպտալով հարցրեց՝ «ընդամենը մի անգամ ե՞ս կարդացել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Վարուժն ասաց՝ «երկրորդ անգամ որ կարդաս, ավելի կհավանես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Հրանտն էրկու անգամ ա կարդացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինքն ասեց, որ երկրորդ անգամ կարդալուց հետո ավելի ա հավանել», եւ ես ժպտալով ասացի՝ «դու պիտի հպարտ լինես, որ Հրանտի պես գրողը  գիրքդ էրկու անգամ կարդացել ա»,  եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով  հարցրեց՝ «չի զգացվո՞ւմ, որ հպարտ եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ընդհանրապես զգացվում ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ե՞րբ չի զգացվում», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քիչ առաջ չէր զգացվում», եւ Վարուժը  մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «մի քիչ առաջ՝ ե՞րբ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որ բողոքում էիր թե՝ Հրանտն իրա պորտրետը չի հավանել», եւ Վարուժը մի  քիչ մտածեց ու ասաց՝ «համ իրա պորտրետը չի հավանել, համ էլ՝ Վերժուկինը» եւ մի քիչ էլ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «կարող ա՞ հպարտանայի, որ իրա ու Վերժուկի պորտրետները չի հավանել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինքը մեծություն ա, ճիշտ ա, բայց հեչ պարտավոր չի նկարչություն հասկանալ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «չնայած ընդհանուր առմամբ նկարչություն էլ ա ահագին հասկանում» եւ մի քիչ էլ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «ուղղակի՝ իրա ու Վերժուկի պորտրետները չի հասկացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ, իրա պորտրետը հասկացել ա, դրա համար էլ չի հավանել», եւ ես զարմացած հարցրի՝ «էնտեղ հասկանալու կամ չհասկանալու ի՞նչ կա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու  ասաց՝ «քո համար կարող ա չկա, բայց իրա համար լավ էլ կա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ կա», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «նեղսրտություն», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ  նեղսրտություն», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հրանտի  մշտական նեղսրտությունը» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «չես նկատե՞լ, որ Հրանտը շատ ա նեղսրտում», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց ա նեղսրտում», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «ամեն ինչից» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մարդու ու ամեն ինչի անկատարությունից», եւ ես մի քիչ մտածեցի  ու ասացի՝ «լավ էլ ձեւակերպեցիր» եւ մի քիչ էլ մտածեցի ու կրկնեցի՝ «մարդու ու ամեն ինչի անկատարությունից», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ասում ես՝ լավ ձեւակերպեցի՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «շա՜տ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «Հրանտն իմ մասին ասում ա, որ տաղանդավոր արձակագիր եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես որ լավ չձեւակերպեմ, ո՞վ պիտի լավ ձեւակերպի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «դո՞ւ երբ ես արձակ գրելու», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «պարտադիր ա՞», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարտադիր չի, բայց ցանկալի ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «քո տարիքում բոլոր լուրջ պոետներն էլ արձակ գրել են», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինձ  լուրջ պոետ ե՞ս համարում», եւ Վարուժը բավական երկար մտածեց ու ասաց՝ «հա», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քանի հատ գրել եմ», եւ Վարուժը հարցրեց՝ «մի քանի հատ ի՞նչ ես գրել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «պատմվածք»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031