Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանը եկել է Բաղրամյան 26-ի համաձայնությամբ. Ալեք Ենիգոմշյանը՝ Փաշինյանի ու Բալասանյանի մասին (Տեսանյութ)

Հուլիս 21,2016 23:52

Այսօր Խորենացի փողոցում էր Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա բանակցությունների հետ կապված չցանկացավ որեւէ բան ասել՝ այն չվնասելու մտավախությամբ:

Մեր հարցին՝ երեկվա դեպքերն ինչպե՞ս կգնահատեք՝ նա պատասխանեց. «Երեկվա դեպքերը սովորական երեւույթ էին՝ բացահայտ սադրանք: Եթե իմ աչքերը չեն տեսնում՝ հազարավոր աչքեր դա տեսան, թե ինչպես տեղի ունեցավ այդ սադրանքը: Ինչ-որ տեղից նպատակադրված էին, որ այդ բախումը տեղի ունեցավ, եւ դա տեղի ունեցավ»:

Լրագրողների դիտարկմանը, որ ասում են՝ Անի Նավասարդյանը սկսեց՝ Ենիգոմշյանը պատասխանեց. «Անի Նավասարդյանը կարող է մի քիչ շատ վիճեց, բայց ոստիկանների կողմից հարձակումը սկսվեց, երբ հավաքվածների շարքերից ոմանք՝ կոնկրետ մարդիկ, սկսեցին միանգամից, բոլորը միասին ջրի շշեր նետել ոստիկանների վրա: Համարյա նույն ժամանակ կամ անմիջապես հետո մի խումբ մարդիկ սկսեցին քարեր շպրտել, կարծես ոստիկանները պատրաստ էին այդ արարքին, որովհետեւ պաշտպանված էին, եւ անմիջապես սկսեցին խուժել քաղաքացիների վրա: Զարմանալիորեն նույնքան անմիջապես ներքեւի հատվածից մի ուրիշ ջոկ ոստիկանների անմիջապես հավաքվողների հետեւի կողմից եկավ եւ սկսեց ագրեսիվ գործողություններ անել: Այդքան պատրաստվածությունը թատրոն էր արդեն»:

Ալեք Ենիգոմշյանը վստահեցրեց, որ Սասնա ծռեր խմբի պահանջները չեն փոխվել: Մեր հարցին՝ երեկ պատանդներին պատրաստ էին տալ՝ Վլադիմիր Գասպարյանի դիմաց, դա ուժի մե՞ջ է՝ նա պատասխանեց. «Դա Պավլիկ Մանուկյանի հայտարարությունն է, որը կարելի է եւ որպես իսկական կեցվածք ընդունել, բայց իմանալով, որ իշխանությունները նման քայլի չեն գնա, դա կարելի է հեգնական կատակի ոլորտից համարել»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին ինչո՞ւ այլեւս չեն ցանկանում, որ միջնորդ հանդիսանա եւ հեռացնում են իրենցից՝ Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Նախ՝ Նիկոլ Փաշինյանը միջնորդ չի եղել: Միջնորդը լինում է, երբ երկու կողմերը համաձայնվում են, որ տվյալ կողմը միջնորդի իրենց միջեւ: Նիկոլ Փաշինյանի պարագայում չեմ կարծում,որ երկու կողմերի միջեւ այդպիսի համաձայնություն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիսանա այդ միջնորդը: Իմ իմանալով՝ Նիկոլ Փաշինյանը եկել է սեփական նախաձեռնությամբ: Դեպքի հաջորդ օրը նա մտավ ու էլ չի մտել «Սասնա ծռերի» տղաների մոտ: Հետո այս երկու օրը ինքը աշխատում է սննդի խնդիրը կարգավորել ու մտնել տղաների մոտ: Իմ իմանալով՝ Նիկոլ Փաշինյանը երկու կողմերից ընդունված միջնորդ չի եղել»:

Ինչ վերաբերում է Պավլիկ Մանուկյանի հայհոյանքներին՝ ուղղված ընդդիմադիրներին՝ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ «Սասնա ծռեր» խմբի մամուլի խոսնակը Վարուժան Ավետիսյանն է, իսկ Պավլիկ Մանուկյանը ղեկավարում է խումբը:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ է բանակցել ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբի հետ: Ենիգոմշյանը պատասխանեց. «Վիտալի Բալասանյանը մտել է ՊՊԾ գունդ, ուրեմն Բաղրամյան 26-ը իր համաձայնությունը տվել է: Չի կարող առանց դրա նա գնալ, բայց արդյունքներից ես տեղյակ չեմ: Միայն գիտեմ, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները ցանկացած ձեւի առաջարկ, որը ավարտվելու է իրենց հանձնմամբ, նման առաջարկ իրենց անհեթեթ է: Ես չեմ ասում, որ Վիտալի Բալասանյանը կարող է նման բան առաջարկած լինել, բայց չգիտեմ՝ ինչ առաջարկություն է արել ու արդյունքներից տեղյակ չեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031