Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Չկա «Սասնա Ծռերի» հետ կապված որեւէ գործողություն կամ տեղեկատվություն, որ ես իրականացրած լինեմ առանց իրենց հետ համաձայնեցնելու»

Հուլիս 21,2016 22:15

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ հրավիրված լրագրողներին հիշեցրեց ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման առաջին իսկ ժամերից իր գործունեությունը:

Դատապարտելով այն բռնությունները, որ իրագործվել են խաղաղ ցուցարարների նկատմամբ բերման ենթարկվելու համատեքստում, երբ ահազանգներ կան մարդկանց ծեծի ենթարկելու մասին, եւ խոստանալով, որ այդ գործերով իրենք կզբաղվեն, Նիկոլ Փաշինյանը մի շարք պարզաբանումներ տվեց: Մասնավորապես, իր եւ «Սասնա Ծռեր» խմբակցության հարաբերությունների կամ առնչությունների վերաբերյալ:

«Այսօր այսպիսի ձեւակերպում կա, թե ես երբեւէ կամ որեւէ տեղ փորձել եմ ներկայանալ կամ բանակցել նրանց անունից: Դուք էդպիսի բան չեք տեսել: Ընդհակառակը, ես ասել եմ, որ բանակցությունների մեջ որեւէ ներգրավվածություն չունեմ եւ, ինչպես գիտեք, բանակցում են «Սասնա Ծռերի» ներկայացուցիչները, ինչպես ենթադրում եմ՝ իշխանության ներկայացուցիչների հետ: Ես բազմիցս ասել եմ, որ որեւէ տեղեկություն չունեմ  դրանց ընթացքի եւ բովանդակության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է իմ գործողություններին, «Սասնա Ծռերի» հետ առնչություններին, ուզում եմ ասել՝ չկա իրենց հետ կապված որեւէ գործողություն կամ տեղեկատվություն, որ ես իրականացրած լինեմ առանց իրենց հետ համաձայնեցնելու: Սկսած էն տեսանյութերից, որ նկարահանվել եւ հրապարակվել են: Դրանք ես պարտադիր համաձայնեցրել եմ, որովհետեւ դրանք լուրջ հարցեր են:

Ինչ վերաբերում է իմ միջնորդական ներգրավվածությանը, դա եղել է միայն սննդի հետ կապված հարցերով: Օրերը կարող է խառնեմ՝  ձերբակալության առաջին օրը ինձ զանգել է Կարո Եղնուկյանը եւ ասել, որ սննդի հետ կապված խնդիր կա եւ լավ կլինի, որ ես այդ հարցով զբաղվեմ: Ես ասել եմ՝ կարո՞ղ է դա ձեր անձնական տեսակետն է, թե՞ «Սասնա Ծռերի» անդամները նույնպես այդ տեսակետը կիսում են: Պատասխանել է՝ կիսում են:

Դրանից հետո ես զանգել եմ Վարուժան Ավետիսյանին եւ իմ ենթադրյալ եւ հնարավոր գործողությունները բոլոր մանրամասներով ճշտել նրա հետ, թե իրենց համար ընդունելի՞ է, որ ես ինքս իմ պատասխանատվությամբ գնամ՝ որեւէ տեղ գնեմ ինչ-որ իրեր եւ անձամբ տանեմ հասցնեմ իրենց: Ստացել եմ դրական պատասխան, որից հետո այս հարցը քննարկել եմ նաեւ ոստիկանության ներկայացուցիչների, մասնավորապես, ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Աշոտ Կարապետյանի հետ: Մնացածը արդեն դուք գիտեք», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031