Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Մարտի 1-ին պատասխանատվություն եմ դրսեւորել, այսօր բարոյական իրավունք ունեմ այստեղ կանգնելու». Օսկանյան

Հուլիս 21,2016 22:10

Այսօր նախկին արտգործնախարար, Համախմբում կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե դատապարտում է ոստիկանների երեկվա գործողությունները:

Aravot.am-ը նրան հարցրեց՝ երեկ արցունքաբեր գազ է կիրառվել՝ դատապարտում եք, Մարտի 1-ին Չերյոմուխայով կրակեցին չդատապարտեցիք՝ Վարդան Oսկանյանը արձագանքեց. «Այսօրվա մասին խոսենք» ու հեռացավ: Երբ ասացինք՝ դե գոնե իրավունքը դատապարտելու ունեցեք՝ նա հետ եկավ ու բացատրեց. «Մարտի 1-ին ես արտգործնախարար եմ եղել, ես ինձ համարել եմ քաղաքական ղեկավարության կազմում եւ այդ օրը համարձակություն եմ ունեցել, ինչն այսօր չունեն մեր ղեկավարությունը, ժողովրդի հետ խոսելու, լուծումներ առաջարկելու եւ նաեւ բանակցություններ անցկացնելու: Այսօր, եթե ես նույն պաշտոնում լինեի, լինեի քաղաքական ղեկավարության մեջ, կանեի նույնը: Ես մինչեւ հիմա ժողովրդի հետ խոսած կլինեի: Դրանից պետք չէ վախենալ: Հիմա, որ ամեն մեկը  փախել է ինչ-որ մի տեղ, չգիտեմ, չեն ուզում խոսել, ասելիք չունեն, դա  չէ ձեւը: Արհամարհում են, ժողովուրդը արհամարհված է այսօր: Եվ որովհետեւ ես Մարտի 1-ին նման պատասխանատվություն դրսեւորել եմ, այսօր նաեւ բարոյական իրավունք ունեմ այսօր այստեղ կանգնելու եւ խնդիր դնելու, հարց բարձրացնելու եւ պահանջատեր լինելու: Որովհետեւ ես, որպես իշխանության մեջ եղած մարդ, իմ պարտավորությունը, պատասխանատվությունը կատարել եմ: Այսօր ես 100 տոկոսով նույնը կանեի»:

Վարդան Օսկանյանը ավելի ուշ զրուցեց նաեւ ցուցարարների հետ, փորձեց շփվել քաղաքացիների հետ: Մարդիկ Ղարաբաղյան հարցն էին արծարծում: Մեկն ասում էր՝ զարմացած ենք ՀՅԴ-ի վրա, ամբողջ օրը հողեր, հողեր էին ասում, հիմա չկան, չեն  երեւում, երբ հող հանձնելու հարց կա: Վարդան Օսկանյանը լուռ լսում էր բոլորի դժգոհությունները եւ գլխով անում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031