Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծես փոքր պատերազմ լիներ. սեւ ծուխ, խշշոց, խլացանք, ինձ թվաց ոտքերս չկան»

Հուլիս 21,2016 22:05

«Կարծես թե փոքր պատերազմ լիներ, միանգամից սեւ ծուխ եղավ, վրաներս լուսավոր մի բան եկավ, ու ընկավ ուղիղ ինձ վրա: Ամեն ինչ սեւացավ, ուժեղ խշշոց էր լսվում, խլացել էինք, մեկ էլ զգացի արյուն: Ինձ թվաց ոտքերս չկան»,Aravot.am-ին պատմում է երեկ ուշ երեկոյան Խորենացի փողոցում տեղի ունեցած  բախումներից եւ պայթյուններից տուժած Մարինե Ինթերեզյանը:

Մարինեն հիմա «Էրեբունի» բժշկական կենտրոնում է, դեպքի վայրում անծանոթ  քաղաքացին նրան արյունոտ տեսնելով իր մեքենայով տուն է տարել: Գիշերը Մարինեն ստիպված է եղել գնալ հիվանդանոց, քանի որ վերքերը խորն են եղել:՛

IMG_7955

«Մարմնիս յոթ հատվածներում վնասվածքներ են, վերքերիցս «պլաստմասե» բեկորներ էին հանում: Բժիշկները մանրակրկիտ զննեցին ու, շնորհակալություն, ամեն ինչ արեցին»:

«Էրեբունի» բժշկական կենտրոնից  Aravot.am-ին ասացին, որ Մարինեի ստորին վերջույթների սալջարդեր են, պատառոտված վերքեր, անհրաժեշտ դեղորայք է ստանում, վաղն էլ վերքերը կմշակեն, բեկորների մնացորդները կմաքրեն, վերքերը կկարեն եւ, հավանաբար, մյուս օրը դուրս կգրվի: Նրա վիճակը ծանր չէ:

Մարինեն չցանկացավ իրեն լուսանկարենք, դեմքին վերքեր կային:

Հիվանդանոցից նաեւ տեղեկացրեցն, որ այս պահին «Էրեբունիում» երեկվա դեպքերից 7 տուժած է բուժում ստանում, արդեն 12 ոստիկան եւ մեկ քաղաքացիական անձ դուրս են գրվել հիվանդանոցից:

Իսկ թե ինչո՞ւ էր Մարինեն հայտնվել Խորենացի փողոցի դեպքերի կիզակետում, պատմում է. «Իմ հերոսները ջուր չունեն, սնունդ չունեն, որոշեցի գնամ ուղղակի իմ ներկայությամբ աջակից լինեմ: Մեկ ժամ էր այնտեղ էի, ու վերջին մասերում էի կանգնած, առջեւում ինչ էին խոսում՝ չէր լսվում, բայց  նկատեցի դիմացում իրար վրա շշեր են նետում, հետո մարդիկ սկսեցին հետ վազել»:

Մարինեն ասում է ինքը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին էլ է մասնակցել, այն ժամանակ վնասվածքներ չի ստացել. «Մի անգամ էլ, երբ Պուտին էր եկել, գազային պայմանագրի ժամանակներն էին, ցույց էինք անում, ինձ բռնեցին տարան ոստիկանական բաժին: Գիտեք, ես չեմ կարողանում անտարբեր մնալ. թե ինչ են անում իմ ազգի հետ, ինչ անարդարություններ են տեղի ունենում՝ վերից վար: Ու այդքանից հետո ինչպե՞ս  չպայքարենք: Ինչո՞ւ Սեֆիլյանին նստացրեցին, իսկ Սուրիկ Խաչատրյանի տղային մարդ սպանելուց հետո ազատ թողեցին, ինչո՞ւ: Ո՞նց չպայքարենք այս ամենի դեմ: Ընտրություններ են կեղծում: Որ մեկն ասեմ»:

Կազդուրվելուց հետո էլի կգնա՞ս Խորենացի փողոց, հարցին Մարինեն գլխով դրական պատասխան տվեց:

Նշենք, որ ըստ առողջապահության նախարարության, Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի հետեւանքով Երեւանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։  Քիչ առաջ էլ նախարարության տվյալներով, արդեն դուրս են գրվել 40 տուժածներ: Դեռեւս բուժում ստացողների որեւէ մեկի կյանքին, ըստ նախարարության, վտանգ չի սպառնում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031