«Ժամանակահատվածը վճռորոշ է եւ բեկումնալից: Սա հնարավորություն է, որը պետք է օգտագործենք: Ժողովուրդն ամեն ինչ պետք է անի` արյունահեղությունից խուսափելու համար: Եթե արյուն թափվի, դա մեզ համար ընդունելի չէ»,-համոզված է քաղաքագետ Արա Պապյանը:
Դիմելով Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին` նա ասաց, որ վերջիններս իրենց զուսպ են պահել, իսկ ոստիկանների հետ բախումները նրանց մեղքով չեն եղել. «Ոստիկանական գործունեությունը եղել է ոչ համաչափ: Եթե ըստ ոստիկանության` մեկ-երկու հոգի խախտել են օրենքը, պետք է պատժվեն նրանք, ոչ թե ժողովրդի վրա նետվեն ձայնային, ծխային եւ բեկորային ռումբեր: Անընդունելի է, երբ ոստիկանությունը խախտում է իր լիազորությունները եւ որեւէ մեկին չեզոքացնելուց հետո բռնության է ենթարկում: Սահմանադրությունը խախտած ոստիկանները պետք է պատժվեն օրենքի խստությամբ»:
Թե ինչը հանգեցրեց զինված խմբի գործողությանը, ըստ Արա Պապյանի. «Եթե հասարակությունը չի կարողանում իշխանություն ձեւավորել քվեի միջոցով, ձեւավորում է «Կալաշնիկով»-ով: Կարծում եմ` բոլորս ուզում ենք խուսափել բախումից, իսկ դրա համար հասարակությունը պետք է վստահ լինի, որ ինքն է, ըստ սահմանադրության, երկրի տերը: Մնացած իշխանությունները ծառայում են Ձեզ»:
Քաղաքագետի կարծիքով` ընդդիմադիրները (նկատի ունի «Սասնա ծռերը») զինվել են, որովհետեւ այլընտրանք չեն ունեցել: Պապյանի խոսքով` գիշերվա բախումների պատճառն այն էր, որ մերժեցին ջուր եւ սնունդ հասցնելու հարցը:
Կարդացեք նաև
«Առաջնային խնդիրը ճգնաժամը հաղթահարելն է. իշխանությունը պետք է քայլեր անի: Սերժ Սարգսյանը որպես առաջին քայլ կարող է պաշտոնանկ անել զինվորական վերնախավի եւ կառավարության այն անդամներին, որոնք վարկաբեկված են»,-ընդգծեց Պապյանը:
Ցուցարարները հակադարձեցին` «պահանջում ենք նրա հրաժարականը», սակայն Պապյանն ասաց. «Ցանկացած երեւույթ պետք է հաշվարկել: Եկեք հավաքվենք 50.000 հոգի, այդ դեպքում Ձեր ձայնը լսելի կլինի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Առաջին քայլն ու հանգուցալուծումը այս գերլարված պահի համար այդ անողնաշարավորների հավաք ազգային ժողովի լուծարումն է. Ում է պետք այդ հավաքածուն, որ այս օրերին մեկ-երկու հոգով ներկայացավ ժողովրդին, փոխանակ բոլորով այնտեղ լինեին ,բանակցեին, ժողովրդի վիրավորանքն ու զայրույթը մեղմեին. Այդ ստրկամիտների անօգտակար, ավելին՝ խիստ վնասակար խումբը մեզ պետք չի.