Այս իրավիճակն ինչի՞ հետեւանք է: Մեր այս հարցին այսօր Խորենացի փողոցում Համախմբում կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Երկրում ստեղծված մթնոլորտը դա է թելադրում: Սա հուսալքության, հիասթափության արդյունքն է»:
Մեր հարցին՝ մի՞թե այլ ելք չկա քաղաքացու համար՝ նա պատասխանեց. «Գիտեք, իշխանությունները բոլոր հնարավոր ելքերը փակել են: Ես հասկանում եմ այս տղաների հիասթափությունը: Նրանք իրենց մտքում քաղաքական գործողություն են արել: Սա ոչ քրեական է, ոչ էլ այլ բան»:
Ցուցարարներից մեկը հիշեցրեց Օսկանյանին՝ երբ դուք արտգործնախարար էիք, ձեր իշխանության ժամանակ Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Դա եղել է Քոչարյանի ժամանակ: Վարդան Օսկանյանը որեւէ պատասխան չտվեց, ասելով՝ ուրիշ հարցեր կա՞ն:
Մեր դիտարկմանը, որ քաղաքական ուժերը այնքան վարկաբեկված են, որ ցուցարարները նրանց չեն ուզում տեսնել, Օսկանյանը լսեց ու թեւը թափ տվեց: Արձագանքեց նրա հետ շրջող Անդրանիկ Թեւանյանը՝ ասելով, թե ընդհանրական գնահատականները ճիշտ չեն, նայած ով է վարկաբեկված, նայած ում համար:
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ երբ Վարդան Օսկանյանը բանակցում էր ոստիկանության ղեկավարության հետ, որ մտներ ՊՊԾ գունդ եւ սնունդ տաներ «Սասնա ծռեր» խմբին, մի կին սկսեց ամոթանքներ տալ Օսկանյանին. «Էս Մարտի 1 սարքողները ստեղ ի՞նչ գործ ունեն: Քոչարյան համար երկրորդ հանցագործ: Սերժն իրենց շարունակողն է»:
Օսկանյանի համախոհներից սկսեցին կնոջը նեղել, թե ո՞վ է քեզ ուղարկել՝ նա բորբոքվեց՝ Մարտի 1-ին ես այնտեղ եմ եղել: Ով եկել է, թող գա, բայց միշտ ժողովուրդը պիտի թքի սրանց երեսին, որ իմանան: Թող էլի գա կանգնի»:
Օսկանյանի համախոհները սկսեցին ասել՝ դու կալբաս գողացողն ես, ես քեզ խանութում տեսել եմ: Կինն էլ արձագանքեց. «Կալբաս գողացողը կնիկդ ու աղջիկդ են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ