Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ. Կողմնակից են բացառապես խաղաղ հանգուցալուծման

Հուլիս 21,2016 21:44

2016 թվականի հուլիսի 17-ին ժամը 5:28-ին «Սասնա Ծռեր» խմբավորում ստորագրությամբ հայտարարություն տարածվեց, որ Ժիրայր Սեֆիլյանի մարտական և քաղաքական պայքարի ընկերները գիտակցելով վիճակի օրհասականությունը, որոշել են ապահովել մեր և մեր սերունդների ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքը և այդ նպատակով դիմել են զինված ապստամբության եւ գրավել ոստիկանական բազաներից մեկը` պարեկապահակային ծառայության Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող զորամասը:

Ավելի քան 5 օր լռություն պահպանելուց հետո այսօր` հուլիսի 21-ի երեկոյան Հանրապետական կուսակցությունը որոշեց անդրադառնալ խնդրին` տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց… իրադարձությունը բոլորին է մտահոգում, տեղի է ունեցել ողբերգություն, ՀՀԿ-ն խնդրի բացառապես խաղաղ լուծման կողմնակից է: Իսկ թիվ մեկ խնդիրը` բանակցությունների միջոցով հասնել խաղաղ հանգուցալուծման:

Շարմազանովի խոսքով, ՀՀԿ-ն հինգ օր լռում էր, որ չխաթարի խաղաղ բանակցություններին. «Տա Աստված՝ հաղթեն սերն ու հանդուրժողականությունը եւ արյունահեղություն չլինի»:

Ոստիկանության պարեկապահակային ծառայության զորամասը գրավելիս զոհվեց մեկ ոստիկան, վիրավորվեց երեք մարդ, անցած հինգ օրում եղան մի շարք բախումներ զորամասի մատույցներում հավաքված քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ, ոստիկանության տարբեր բաժիններ տարվեցին հարյուրավոր քաղաքացիներ, շատերին ոստիկանները ծեծեցին, հարուցվեց քրեական գործ զանգվածային անկարգությունների, բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու հոդվածով, ձերբակալվեց 16 մարդ: Բախումների արդյունքում տուժեցին տասնյակ քաղաքացիներ և ոստիկաններ: Տարբեր բժշկական հաստատություններ դիմեց 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան:

Մինչ ՀՀԿ-ն նիստ էր գումարում, Ոստիկանության պարեկապահակային ծառայության զորամասի մատույցներում` Խորենացի փողոցում հավաքված քաղաքացիների մոտ ելույթ ունեցավ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանն ու ասաց, որ ՀՀԿ-ն իր անադեկվատ եւ անողնաշար խոսակցություններով ժողովրդին ոտքի է հանելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031