Խորենացի փողոցում հավաքված ակտիվիստներին Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը ներկայացրեց ՊԾԾ գունդը գրաված եւ պատանդառություն կատարած «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու հարցը:
«Մենք չենք եկել այստեղ բախումներ անելու: Հնարավոր է` նյարդային վիճակում կրկին սադրանքներ լինեն, ամեն մեկս էլ լարված ենք: Երկու օր է` տղաները սոված են, մեր խնդիրը նրանց սնունդ հասցնելն է: Եթե Ոստիկանությունը չի մտածում իր ծառայողների համար, մենք գնացել ենք նաեւ այնտեղ գտնվող ոստիկանների` բոլորի սնունդը ապահովելու համար»:
«Գնալ» ասելով Սանասարյանը նկատի ունի մի շարք կառույցներին դիմելը: Մասնավորապես, այցելել են Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակ, որտեղից ասել են` «իշխանություններն ասել են, որ սնունդն ապահովված է, խնդիր չկա»: Սանասարյանը հակադարձել է` «տղաները վստահ չեն, դրա համար չեն ընդունել սնունդը»:
«Ասացի, որ արագ քայլեր ձեռնարկեն: Միջազգային Կարմիր Խաչում էլ առաջարկ ենք արել, որը հետեւյալն է` որպեսզի սննդի հետ կապված խնդիրներ եւ կասկածներ չլինեն, ստեղծվում է խումբ` ԱԱԾ-ի, ժողովրդի, ՄԻՊ-ի եւ ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նրանք լրագրողների ներկայությամբ պատահական խանութից գնում են սնունդ, բերում, եւ այն փոխանցվում է տղաներին: Սա կարծես տրամաբանական առաջարկ է, բայց յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ունի»,-նկատեց Սանասարյանը:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ այցելել է նաեւ ՄԻՊ գրասենյակ, ներկայացրել սննդի խնդիրը. «Ասացին, որ կխորհրդակցեն: Հարցը բարձրաձայնել ենք նաեւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ