«Ես հստակ իմ թիմով պատկերացնում եմ այս հարցի քաղաքական լուծումը, բայց՝ մի պայմանով, որ երկու կողմերն էլ, առավել իշխանությունը, պետք է քաղաքական կամք դրսեւորեն: Երկու կողմերին էլ արժանավայել ելք պետք է տալ: Կոչ եմ անում, որ հնարավորինս արագ հանձնաժողով կազմվի, չգիտեմ, մի բան, որ մենք այս բանակցությունները սկսենք: Երկու լուծում կա՝ սկսենք միջնորդներով բանակցություններ, երկրորդ՝ շատ արագ լուծել նաեւ տղաների սննդի հարցը»,- Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում այսպիսի լուծում առաջարկեց ստեղծված իրավիճակին Համախմբում կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:
Նա ասաց, որ սննդի հարցը լուրջ է, օղակը սեղմում են, դա նշանակում է, որ այլ նպատակներ կան այլ ձեւով հարցը լուծելու:
Նա ասաց, որ իշխանություններն էլ պետք է գնան զիջումների, տղաներն էլ. «Բանակցությունները պետք է սկսեն, ընթացքում կերեւա: Չեմ ուզում իմ մոտեցումները բացահայտել, բայց ես լուծումը տեսնում եմ: Հնարավոր է երկուսի համար էլ արժանավայել լուծում լինի, որ հաղթող-պարտվող չլինի»:
Կարդացեք նաև
Վարդան Օսկանյանն ասաց, որ մի անգամ եղել է նման իրավիճակում: Լրագրողները հարցրեցին՝ Մարտի 1-ը՞ նկատի ունեք՝ նա պատասխանեց. «Թեկուզ այո, Մարտի 1-ը: Այսօր բոլորն ահազանգում են՝ ո՞ւր են իշխանությունները, ո՞ւր են, որերորդ օրն է: Այսօր վարչապետը մի բան է ասել, ավելի լավ է չասեր: Մարդիկ պետք է կարողանան պատասխանատվություն վերցնեն իրենց վրա, ժողովրդի աչքին նայեն, խոսեն, բացատրեն, լուծումներ առաջարկեն: Գիտեք, այսօր, եթե ես իշխանությունում լինեի, կանեի նույնը, ինչ Մարտի 1-ի օրը»:
Դիտարկմանը, որ Մարտի 1-ին արյուն հեղվեց՝ Օսկանյանը արդարացավ. «Հետո հեղվեց, չէ՞, ես խոսեցի՝ դա կանխելու: Երեկ տեսաք գլուխներ ջարդվեց, էստեղ էլ կարա արյուն հեղվի, չէ՞: Բայց մեկը պետք է վերցնի, չէ՞ պատասխանատվությունը: Այսօր դա չկա»:
Aravot.am-ի դիտարկմանը՝ Քոչարյանն այն ժամանակ խոսո՞ւմ էր ժողովրդի հետ, լուծումներ առաջարկո՞ւմ էր՝ Վարդան Օսկանյանը պատասխանեց. «Այո, շատ հստակ բանակցությունների կոչեր ես եմ դա արել, դա իմ նախաձեռնությունն է եղել, բայց եկեք հետ չգնանք, ժողովուրդ: Մենք նախկինի փորձից, իհարկե, պետք է սովորենք, բայց այսօր ճգնաժամ կա մեր առաջ, այդ ճգնաժամի լուծմանը պետք է նայենք: Մեր երկրի համար ահավոր վատ կլինի, հետեւանքները ահավոր կլինի: Մի զոհը տեսաք, դա նույնիսկ շատ է: Մենք դա պետք է թույլ չտանք, հատկապես՝ Մարտի 1-ից հետո: Մենք այսօր դրա եզրին ենք: Դա է ինձ մղել այսօր գալ, որովհետեւ հետո ուղղակի ափսոսալու եմ»:
Ցուցարարներից մեկը Վարդան Օսկանյանին ասաց՝ դուք ժամանակին, որպես արտգործնախարար, սա նաեւ ձեր կառավարման հետեւանքն է այս վիճակը, համաձա՞յն եք: Այս խոսքերը ստիպեցին Օսկանյանին այսպիսի հայտարարության. «Ես ինչ սխալ արել եմ, ընդունում եմ: Ամեն մեկն իր ժամանակին իր աշխատանքն է արել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ