Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «Եթե չլինեին մի քանի արկածախնդիրներ, այս նախագծերը կյանքի կկոչվեին»

Հուլիս 21,2016 21:12

«Հայրս ասում էր՝ ամեն արվեստագետ իր ստեղծագործություններում ենթագիտակցաբար ինքն իր տեսակը, կերպարն է ներկայացնում: Մայր աթոռ սբ. Էջմիածնի խորանը և մուտքը գլուխգործոց են: Այդքան մոնումենտալ, դասական, մոդեռն, միևնույն ժամանակ՝ այդքան հայկական: Կարծում եմ՝ հրաշալի համադրություն է ստացվել:

Երիտասարդ սերունդը հորս աշխատանքներից սովորելու շատ բան ունի: Նրա  նվիրվածությունը մեր երկրին, քաղաքին, իր մասնագիտությանը գուցե փոխանցվի այս ցուցահանդեսի միջոցով»,- ասում է  ճարտարապետ Ջիմ Թորոսյանի դուստրը՝ Անահիտ Փափազյանը:

Ջիմ-Թորոսյանի-90-ամյակ_1 Ջիմ-Թորոսյանի-90-ամյակ_3 Ջիմ-Թորոսյանի-90-ամյակ_4

Հուլիսի 20-ին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվեց Ջիմ Թորոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված «Հիմա կգամ. Ջիմ Թորոսյան և արվեստանոց» խորագրով ցուցահանդեսը:

«Սկզբում ուզում էինք ցուցահանդեսի համար ընտրել «Ծանոթ ու անծանոթ Ջիմ Թորոսյանը և արվեստանոցը» խորագիրը, սակայն արխիվում պատահաբար հայտնաբերեցինք «Հիմա կգամ. Ջ. Թ.» գրությամբ մի թուղթ, որն, ըստ երևույթին, Ջիմը գրել էր ինչ-որ մեկի համար (ասենք՝ դուրս է եկել տասը րոպեով և թողել է այդ թուղթը՝ հիմա կգամ)։ Իսկույն համաձայնության եկանք, որ այդպես պետք է անվանել ցուցահանդեսը»,- պատմեց Ճարտարապետության ազգային թանգարան­-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր­-Մինասյանը:

Տեր­-Մինասյանը Թորոսյանի ուսանողն է եղել:

«Վերածննդի տիտանների մասին այնպես էր խոսում, ասես նրանք իր ծանոթները լինեին։ Կարող էր ասել՝ մի անձրևոտ օր էր, երբ Միքելանջելոն գնաց Բրամանտեի մոտ։

Վարակիչ էր նրա անկեղծ վերաբերմունքը բարձրագույն արվեստին, հատկապես ճարտարապետությանը։ Երբ պատմում էր մի շենքի մասին, կարծես տալիս էր մոգական բանալի, որ դու այդ շենքը այլ կերպ տեսնես, տեսնես այն, ինչ չես նկատել շենքի մոտով անցնելիս: Թորոսյանն ուզում էր, որ ճարտարապետի տաղանդը, միտքը, փիլիսոփայությունը նյութականացվի քարի մեջ ու մնա մարդկանց: Այդպես էլ եղավ»,- հիշում է նա:

Ճարտարապետի 90-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված են ինչպես շատերին հայտնի Երևանի քաղաքապետարանի, Կասկադի, Էջմիածնի բաց խորանի, գլխավոր մուտքի, այնպես էլ երբեք չցուցադրված բազմաթիվ այլ շենքերի ու հուշարձանների նախագծային տարբերակներ։

«Երբեմն ժամանակները մեզ համար շատ «դժվարամատչելի» են դառնում։ Հիմա այստեղ տեսնում եմ նախագծեր, որոնք կյանքի կկոչվեին, կդառնային մերը, եթե չլինեին մի քանի արկածախնդիրներ: Ափսոս՝ իրականություն չդարձան։ Ուշ է, որովհետև այդ տեղերը «գրավված են»,- նշեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Որոշ մարդկանց մտածելակերպի շնորհիվ չկառուցվեց Դրամատիկական թատրոնը, Պետական կրկեսը, որ կառուցվելու էր Օղակաձև զբոսայգում։ Միշտ չէ, որ կունենանք նման մակարդակի մասնագետներ, որոնք կդրսևորեն իրենց կարողությունները և կստեղծեն ազգային ճարտարապետության պատմություն»,- հավելեց ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:

Մուշեղյանի խոսքով՝ դժվար էր Ջիմ Թորոսյանից հետո դառնալ Երևանի գլխավոր ճարտարապետ. «Չգիտեմ՝ կարելի՞ է արդյոք պատկերացնել, որ Թորոսյանից հետո մեկը փոխարինի նրան: Պետք է գոնե չնչին տոկոսով կարողանաս պարտականություններդ կատարել՝ չվարկաբեկելու համար գլխավոր ճարտարապետ ասվածը»:

«Հիմա կգամ. Ջիմ Թորոսյան և արվեստանոց» խորագրով ցուցահանդեսը Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բաց կլինի մինչև օգոստոսի 20-­ը: Մուտքն ազատ է:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գագիկ says:

    Բա Ագաթանգեղոսի փողոցի էն երկար, անդեմ շենքը՞, որ ոչ միայն չի խոսում մնացած շենքերի հետ, այլեւ ինքն իրենով որպես շենք՝ խայտառակություն է: Մինչեւ չընդունեք այդ սխալները, մինչեւ չքանդեք դրանք, ճարտարապետությունից մի՛ խոսեք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031