Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի է, հա՞ բանակցել թուրքերի հետ, իսկ այս տղաների հետ, որոնք Ղարաբաղն են ազատագրել, չի՞ կարելի». Օսկանյան

Հուլիս 21,2016 21:05

«Միանշանակորեն ես լուծում տեսնում եմ, այդ պատճառով էլ այսօր իմ թիմակիցներով եկել ենք ոստիկանության ղեկավարության հետ խոսելու եւ ասելու՝ ժամանակն է հարցը բերել քաղաքական հարթություն եւ հարցին տալ քաղաքական լուծում»,- Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց Համախմբում կուսակցության նախագահ Վարդն Օսկանյանը:

Նա ասաց, որ մերժում է այն տարբերակը, թե սա փակուղային վիճակ է. «Փակուղային կարող է լինել միայն, երբ հարցը դիտարկենք զուտ իշխանական շահերից: Եթե իշխանությունն ուզում է այս բոլորից հաղթող դուրս գա եւ իրոք սա փակուղային վիճակ է: Բայց սա այն խնդիրը չէ, որ պետք է հաղթել: Այստեղ հաղթելու հարց չկա: Խնդիրը պետք է կարողանանք դնել ազգային-պետական հարթության վրա, ոչ թե նեղ քաղաքական, կուսակցական, իշխանական: Սա շատ ավելի վեր է այդ բոլորից»:

Նա ասաց, որ իրավական հարթությունում հարցը դիտարկելու դեպքում բարդություններ կառաջանան, պետք է դիտարկել քաղաքական հարթությունում. «Սա քաղաքական ակցիա է, եւ սրան պետք է տալ քաղաքական լուծում՝ լավ գիտակցելով, որ այդ քաղաքական լուծումն ունենալու է նաեւ իրավական որոշ հետեւանքներ, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար: Քաղաքական լուծում՝ իրավական հետեւանքներով»:

Նա հարց ուղղեց իշխանություններին. «Ուրեմն կարելի է, հա՞ բանակցել պրոտոկոլները թուրքերի հետ, որոնք 1.5 մլն հայ են ջարդել, ուրեմն կարելի է բանակցել Ադրբեջանի հետ, որի պատերազմն ես սանձազերծել, մեր հայրենակիցների գլուխն է կտրում, ականջ է կտրում, ուրեմն նրանց հետ կարելի է բանակցել, իսկ այս տղաներ հետ, որոնք Ղարաբաղն են ազատագրել, չի՞ կարելի բանակցել»:

Մեր դիտարկմանը՝ ներսից ասում են, որ բանակցություններ են ընթանում՝ նա չհամաձայնեց. «Չեմ կարծում բանակցում են: Կոշտ դիրքորոշում են իշխանությունները որդեգրել, ժամանակն է դա մեղմացնել, դնել քաղաքական հարթության վրա եւ լուծում տալ: Ես անձամբ, տիրապետելով բանակցային ողջ գիտությանն ու արվեստին, տիրապետելով նաեւ այսօր ստեղծված իրավիճակին, իմանալով մանրամասները, ես հստակ կարճ ժամանակում այս հարցի լուծումը տեսնում եմ, ուղղակի իշխանության կողմից մի փոքր քաղաքական կամք է պետք»:

Թե որն է այդ լուծումը՝ Օսկանյանը չհայտնեց. «Ես այսօր իմ խղճի պարտքն եմ կատարում, որովհետեւ նորից, ինչպես նախկինում եղել է իմ հետ, ես  զգում եմ, որ պահը շատ կրիտիկական է եւ շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ, ուղղակի արյունահեղություն լինի: Զգում եմ, որ սա այն պահն է, դրա համար էլ եկել ենք ու այս առաջարկությունն եմ անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031