Քիչ առաջ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ Խորենացի փողոց եկան «Համախմբում» կուսակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Մանվել Եղիազարյանը, Անդրանիկ Թևանյանը: Հավաքվածները նրանց դիմավորեցին ծափողջույններով:
Վարդան Օսկանյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ խստորեն դատապարտում է երեկվա բախումները: Լրատվամիջոցները նրան հիշեցրին մարտի 1-ը՝ նկատելով, թե ա՞յն ժամանակ ինչ իրավիճակ էր:
Օսկանյանը պատասխանեց, որ ընդունում է որոշ սխալներ, հիմա էլ բնազդաբար զգում է, որ վիճակը կրիտիկական է, դրա համար էլ եկել է այստեղ, որ մտնի ՊՊԾ գունդ, ինչպես նաև բանակցի ոստիկանների հետ, որպեսզի բախումներ չլինեն և առաջին հերթին սնունդ հասցվի տղաներին: Նա նշեց, որ եղածը ահաբեկչություն որակել չի կարող, որովհետև երկրում ստեղծված իրավիճակն է ստիպում մարդկանց նման քայլերի դիմել:
Մոտեցավ ոստիկաններին, խնդրեց, որ մտնի ՊՊԾ գունդ: Քիչ հետո ոստիկաններից մեկը մոտեցավ Օսկանյանին և ասաց, որ մերժում են: Օսկանյանն ասաց, որ մի խումբ պատգամավորներով են եկել, ինչո՞ւ են մերժում: Ասացին՝ թող դիմի համապատասխան մարմիններին, թույլ չենք տալիս մտնել գունդ, հատուկ ռեժիմով ենք աշխատում: Ոստիկաններից մեկն էլ հորդորեց՝ մի խանգարեք մեր աշխատանքը:
Կարդացեք նաև
Ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ Օսկանյանի Խորենացի փողոցում գտնվելու ժամանակ: Հավաքվածներից ոմանք սկսեցին քննադատել, թե նա ինչ գործ ունի այստեղ, Քոչարյանի մարդն է, թող մարտի 1-ը հիշի և այլն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ