Արցախի զինված ուժերում հուլիսի 18-ից ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ մեկնարկած բազմաստիճան շտաբային զորավարժությունների շրջանակում հուլիսի 21-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում անց է կացվել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել են նաև բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն՝ իրենց տեղակալներով, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների համագործակցության և փորձի շրջանակներում Արցախում գտնվող ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ:
Ներկայացնելով գումարտակային մարտավարական զորախաղերի առանձնահատկությունները՝ ՊԲ հրամանատարը նշել է, որ ինչպես համաբանակային նշանակության մյուս բոլոր միջոցառումները, տվյալ զորախաղերը ևս անց են կացվում տարածաշրջանային և աշխարհաքաղաքական արդի և հավանական իրողություններին համահունչ՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմից արված հետևությունները:
Մարտավարական զորավարժությունը մեկնարկել է պայմանական առաջնագծի վրա հակառակորդի հարձակմամբ, որն ուղեկցվել է հրետանու կրակով և դիվերսիոն-հետախուզական գործողություններով: Հաջողությամբ ընդունելով առաջին հարվածը, շարունակելով մարտը և կիրառելով ստորաբաժանումների բոլոր հաստիքային զինատեսակները, մեր ուժերը կատարել են վերախմբավորումներ, ստեղծել անհրաժեշտ պայմաններ և օգնության եկած ուժերի հետ միասին անցնելով հակագրոհի վերականգնել են կորցրած դիրքերը:
Զորավարժության ողջ ընթացքում իրականացվել է կայուն և անընդհատ ղեկավարում, արագ փոփոխվող իրավիճակին հրամկազմը արձագանքել է անմիջապես, իսկ ենթակա ստորաբաժանումները խնդիրները կատարել են պատրաստության բարձր մակարդակով՝ պայմանական մարտադաշտում ի ցույց դնելով գերազանց պատրաստականություն և կրակային խոցման բարձր արդյունքներ:
Կարդացեք նաև
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն