Հուլիսի 21-ին քաղաքացիների ու ոստիկանների միջեւ բախումից հետո Խորենացի փողոց էին շտապել նաեւ տեր Ասողիկն ու տեր Շմավոնը:
Aravot.am-ը տեր Շմավոնից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ որոշեց լինել ցույցի վայրում, եւ նման պարագաներում ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ հոգեւորականի ներկայությունը: Նաեւ հասցրինք՝ մտավախություն չունե՞ր, որ սադրիչների պատճառով նյարդերը կարող են տեղի տալ:
«Ես գիտեի, որ նման վայրերում միշտ էլ սադրիչներ են լինում, բայց գնալ այնտեղ իմ որոշումը եղավ: Ես մտածեցի, որ ճիշտ է, որ հոգեւորականն այնտեղ լինի, որտեղ իր ժողովուրդը բեւեռված է, որովհետեւ ե՛ւ ոստիկանները, եւ իրենց առջեւ կանգնած կանայք, տղաներն ու աղջիկները մեր ժողովուրդն են, իմ քրիստոնյա հայ ազգը, որին սիրում եմ: Չեմ ուզենա եղբայրասպան պառակտումները լինեն:
Որոշմանս մասին հայտնեցի իմ առաջնորդին՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ստացա իր օրհնությունը եւ այնտեղ գնացի: Այնտեղ էր նաեւ Մայր աթոռից իմ հոգեւոր եղբայր տեր Ասողիկը»,-ասաց տեր Շմավոնը:
Կարդացեք նաև
Ապա հավելեց. «Ոմանց դուր եկավ, ոմանց ոչ՝ մեր ներկայությունը, ոմանք ասում էին՝ ավելի շուտ պիտի գայիք, ոմանք ասում էին՝ չպիտի գայիք: Մենք եկանք այն ժամանակ, երբ ցավոք, արդեն բախումը տեղի էր ունեցել, բայց մեր ներկայությամբ փորձեցինք խաղաղեցնել մարդկանց: Ստացվեց, բայց եղան սադրիչներ, որոնք գոռում էին, փորձում էին քարեր նետել, եղան մարդիկ էլ, որ անպատվեցին, ամեն պարագային զգացվում էր, որ կան մարդիկ, որոնք ուզում են իրենց սրտի խոսքը ասել, ով ինչպես իր սրտի եղածն ուզում է, կարող է արտահայտել, սակայն այդ ամենի մեջ չպետք է մոռանալ պարկեշտությունը, բարոյականությունը եւ անձին չվիրավորելու ամենակարեւոր հատկանիշը, որովհետեւ իրենց առջեւ ոստիկաններ են, որոնք իրենց ընտանիքի ապրուստի համար ծառայության մեջ են:
Չի կարելի սադրել, որպեսզի նրանք էլ համապատասխան քայլերի դիմեն: Ամեն դեպքում այնտեղ եղած, անցկացրած ժամերը հնարավորինս մեղմեցին երկու կողմի լարվածությունը: Մի պահ միասնական աղոթք արեցինք, որ մարդկանց համար խաղաղության աղոթք եղավ, նորից ի հայտ եղան սադրիչներ: Ցավոք, մտածում եմ, որ գուցե անվերջանալի մի բան դառնա, քանի դեռ ժողովուրդը չի որոշել, որ խաղաղության մեջ պետք է լինի:
Իմիջիայլոց, «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ էլ մեր հոգեւորականները Բաղրամյան պողոտայում էին, այնտեղ կար խաղաղություն, կարծես չկային սադրիչներ ու մարդիկ խաղաղ նստած էին: Մեծագույն ցանկությունս այն է, որ մարդկանց փորձենք համոզել բախումներ չլինեն, թե չէ միշտ սպրդում են մարդիկ, որոնք փորձում են կայանալ այդ իրողությունների ժամանակ, դեպի լիդերություն շարժվել, փորձում են բաներ անել, որոնք ոչ մի օգուտ չեն բերում:Ամեն պարագայում ես եւ մյուս հոգեւորականներն էլ, որոնք մեր առաջնորդի օրհնությունն են ստացել, երբ հարկ լինի, կլինենք ժողովրդի կողքին, ամեն օր էլ կգնանք Խորենացի փողոց, եթե պահանջվի»,-ասաց Արարատյան հայրապետական թեմի հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը:
Ի դեպ, Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից Aravot.am-ին տեղեկացրին, որ առավոտից Արարատյան Հայրապետական թեմի քահանաները Նավասարդ արքեպիսկոպոսի հանձնարարությամբ այցելել են նաև հիվանդանոցներ, հանդիպել ու բժշկության աղոթք են կատարել վիրավորների համար, խոսել են բժիշկների հետ՝ տեղեկանալով տուժածների առողջական վիճակի մասին:
Նույնը փոխանցեց նաեւ տեր Շմավոնը, ասաց, որ այցելել են եւ ոստիկանների եւ քաղաքացիների:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Իսկ կարելի է խնդրել, որ Տեր Շմավոնն ու Տեր Ասողիկը քրիստոնեական գթություն ցուցաբերեն ու սնունդ հասցնեն ապստամբ տղաներին ու պատանդներին?