Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մտավորականներին դեմ են տվել այդ նամակն ու ասել` ստորագրեք». Մարիամ Ավագյան

Հուլիս 21,2016 17:47

«Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձություններում դրականն այն է, որ մինչև այժմ իշխանությունների ներկայացուցիչները, իրավապահները «Սասնա ծռեր» խմբի անդամների հանդեպ որևէ գրոհի կամ բացասական քայլի չեն դիմել»,-«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Ըստ նրա` դա «հայության գենետիկ կոդի արտահայտությունն է»: Հացպանյանի տպավորությամբ` փորձ է արվում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման գնալ. «Դրական եմ համարում նաև այն, որ հասարակությունը ժամ առ ժամ ավելացող աջակցություն է ցուցաբերում «Սասնա ծռեր»-ի տղաներին»:

Դառնալով նրանց ահաբեկիչ անվանողներին` Սարգիս Հացպանյանը նշեց. «Ի՞նչ ահաբեկիչ, որի կողքին հասարակությունն է կանգնում»:

«Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը, խոսելով իրավիճակի հանգուցալուծման մասին, ասաց. «Ոչ թե լինի գրոհ կամ հանձնում այդ տղաներին նկատմամբ, այլ լինի երրորդ ճանապարհ` երկխոսություն հասարակության մեջ, մեր այս սպառնալիքներին ընդդիմանալու համար»:

Դառնալով մտավորականների կոչին` «վայր դնել զենքերն ու հանձնվել իրավապահներին», պարոն Հացպանյանն ասաց. «Եթե չակերտավոր մտավորական չլինեին, կարող էի՞ն նման քայլի գնացող մարդուն ահաբեկիչ անվանել, հանձնվելու կոչով դիմել, մի ամբողջ ժողովրդի պատանդ առած իշխանություններին հանձնվելը ո՞րն է: Հարց տվեք իշխանություններին` ի՞նչ է նշանակում զենքը վայր դնել ու հանձնվել: Ես էլ ձեզ` իշխանություններին եմ հորդորում. 25 տարի է զենքը ձեր ձեռքին է, խնդրում եմ ձեր բոլորին`զենքերը վայր դրեք ու հանձնվեք այս ժողովրդին. ժողովուրդը պետք է որոշի իր իշխանություններին»:

Մարիամ Ավագյանը, նույն կոչի վերաբերյալ խոսելով, տեղեկացրեց. «Մտավորականների այս մի խումբը թացն ու չորը խառնած դիմում է գրել` տղերք հանձնվեք, իսկ մտավորականների մյուս խմբի դիմումը հավասարակշռված է, հասարակության կարծիքը հաշվի առնող, երկրի անվտանգության համար խիստ անհանգստացած: Սա սադրանք է, իրենք օր առաջ շտապել են, երևում է, որ ինչ-որ մարդկանց դեմ են տվել այս նամակը և ստորագրել տվել»:

Սարգիս Հացպանյանն առաջարկեց նաև, որ մտավորականները հերթապահություն սահմանեն Խորենացի փողոցում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031