Aravot.am-ը եւ a1+ -ը քիչ առաջ այցելեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վերակենդանացման ինտենսիվ թերապեւտիկ բաժնի վարիչ Սամվել Կարապետյանը հայտնեց, որ երեկ ժամը 22-ից սկսած 13 հիվանդ են ընդունել, որից 11-ը՝ ոստիկաններ, 2-ը քաղաքացիներ էին: Առավոտյան ժամը 05.00-ի շրջանակներում եւս մեկ ոստիկան է ընդունվել, երկու ժամ առաջ էլ ընդունվել է մեկ քաղաքացի, որի հետազոտությունները արդեն ավարտվել են, վնասվածքներ չեն հայտնաբերվել եւ քաղաքացին դուրս է գրվել. «Այս պահի դրությամբ դուրս է գրվել 2 քաղաքացի, պատրաստվում է դուրս գրվել 1 քաղաքացի: Ոստիկանները նույնպես պատրաստվում են դուրս գրվել: Ընդհանուր առմամբ՝ վնասվածքները հիմնականում թեթեւ եւ միջին ծանրության էին: Ժամը 5-ին ընդունված ոստիկանի մոտ միջին ծանրության վնասվածք է՝ կապված տրավմայի հետ, կոտրվածք է՝ սրունքի ստորին երրորդականի շրջանում: Դրվել է կմախքային ձգում, վաղը պատրաստվում է վիրահատական միջամտության»:
Սամվել Կարապետյանը չբացառեց, որ մոտ ժամանակներում ընդունված հիվանդների մեծ մասը դուրս կգրվի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ