Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Ծատուրյանը՝ Ժիրայր Սեֆիլյանին ուղղված նամակի մասին.«Ժողովրդի սերը վայելելու համար իմ կարծիքը չասե՞մ» 

Հուլիս 21,2016 17:01

Ինչպես հայտնի է, երեկ մի խումբ մտավորականներ նամակ էին հղել Ժիրայր Սեֆիլյանին՝ խնդրելով «կանխել անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակը, դեպքերի հետագա անցանկալի հետեւանքները, հորդորել իր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին»:

Մտավորականների այս նամակը, բնականաբար, միանշանակ չէր ընդունվել, արժանացել էր բազում քննադատությունների, հարուցել էր սոցցանցերի օգտատերերից շատերի զայրույթը:

Aravot.am-ը զրուցեց այս նամակի տակ ստորագրած մտավորականներից մեկի՝ իր համարձակ կարծիքով առանձնացող ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հետ: Մեր հարցադրմանը՝ արդյոք ձեր կոչն ամբողջությամբ արտացոլվա՞ծ է այդ նամակում, չկա՞ ասելիք իշխանություններին, և ո՞րը կլինի իրավիճակից դուրս գալու խելամիտ ելքը՝ ըստ ձեզ, միայն զենքը վայր դնելն ու իրավապահներին հանձնվե՞լը, Նիկոլայ Ծատուրյանը պատասխանեց. «Շատ դժվար բան եք ասում, թե որն է ելքը, բայց Սեֆիլյանին դիմել ենք, որպեսզի հանգստացնի, որովհետև ոչ մի մահ արդարացված չէ: Իշխանություններն էլ, անխոս, ինչ-որ բան պիտի ձեռնարկեն, չեն ձեռնարկում, բայց դա չի նշանակում…

Նորից եմ ասում մարդասպանությունն արդեն զզվելի բան է՝ լինի դա կառավարության կողմից ժողովրդին, թե ժողովրդի կողմից ինչ-որ գնդապետի, չի կարելի, դառնում ենք թուրքեր քիչ-քիչ: Եվ հետո Հայաստանի քաղաքական իրավիճակն այնքան բարդ է, որ այս տարաձայնություններն, այս քաղաքացիական ընդվզումները շատ են ազդելու մեր երկրի վրա: Հիմա դրա ժամանակը չէ, այ երբ որ քիչ թե շատ կարգավորվի այս ամեն ինչը, ես չգիտեմ դա երբ կլինի, էդ ժամանակ կարելի է …Այս ամենը շատ վատ կազդի Հայաստանի վրա, սա է իմ մտավախությունը»:

Մեր դիտարկմանը՝ թե «Սասնա ծռերի» պահանջներից մեկն էլ բոլորիս հուզող Ղարաբաղյան խնդրին է առնչվում՝ նրանք իշխանություններից պահանջում են հստակեցնել իրենց դիրքորոշումը, Նիկոլայ Ծատուրյանն ասաց. «Այդ ամեն ինչն այդքան հեշտ չէ, հասկանալի է, որ բարի ցանկություն է, բայց այնքան բան է իրար խառնված, որ հեշտ չէ… Իհարկե, մենք պետք է լինենք բավական անկախ, չգնանք ռուսի հետևից, չգնանք Եվրոպայի հետևից, ոչ մեկի հետևից չպիտի գնանք, որովհետև ոչ մեկն էլ մի բարի պտուղ չեն, բայց փոքր պետություններն այդպես է էլի կախյալ են, նրանք ստիպված են ենթարկվել, ինչ անենք բա, մանավանդ, որ մեր երկիրը շրջապատված է, ինձանից լավ գիտեք, այսպես ասած ուժերով»:

«Սասնա ծռերի» կողմից Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հետ կապված էլ մեր զրուցակիցն ասաց. «Միայն այս պահին չէ, որ պահանջում են, ինչքան ժամանակ է պահանջում են, չէ՞, է հա ո՞ւր է բա…Հետո սկսվում են ռեպրեսիաներ, հետո ոստիկանությունը կկրակի ժողովրդի վրա, հետո Աստված ոչ անի Բաքվի դեպքերը: Ես նորից եմ ասում, ոչ մի մահ ես չեմ ընդունում՝ լինի դա կառավարության մարդը, թե ժողովրդի, սա՛ է ինձ շատ անհանգստացնում: Բա դրա ժամանա՞կն է, այ մարդ, էսքան բարդ իրավիճակում ենք մենք, հիմա պատկերացնում եք Ադրբեջանն ու Թուրքիան ոնց են ուրախանում: Հետո ամեն մի այսպիսի իրավիճակից հետո ավելի շատ է սկսվում արտագաղթը, որովհետև սա հաճելի չէ, էլի մարդիկ կթողնեն, կգնան, է, հա, բա վերջը, դատարկ եք թողնո՞ւմ այս երկիրը, այ մարդ, ես չեմ հասկանում…»:

Մեր հարցին, թե նման իրավիճակը դասեր չպիտի՞ տա իշխանություններին, հատկապես երբ ժողովուրդն է ոտքի կանգնում, «Սասնա ծռերին» զորակցելու համար թաղեր են միանում, Նիկոլայ Ծատուրյանն ասաց. «Գիտեք ինչ, արդարացի ընտրություններով պիտի հարցը լուծել, պետք է հասնել նրան, որ ստեղծվի մի շատ կոնկրետ թիմ, որը շատ լուրջ, շատ ուշադիր ուսումնասիր ընտրություններն ապագա, թույլ չտան կեղծիքներ, էդ հինգ հազարը ժողովուրդը չվերցնի, որովհետև հետո սկսում է բողոքել: Բա ինչի՞ ես վերցրել, էսպիսի բաներ կան, մենք անընդհատ ասում ենք՝ մենք մեղավոր չենք, մենք շատ-շատ հարցերում ենք մեղավոր, ժողովուրդը՝ մենք, ես , ճիշտ է՝ ես չեմ վերցնի հինգ հազարը ու չեմ էլ գնացել ընտրության, դա էլ է վատ, բայց վերցնում է, հետո էլ բողոքում է, ճիշտ չէ էլի…

Եվ հետո եղեռնի մեջ մենք մեղք չունե՞նք, միայն թուրքն է մեղավո՞ր, էդ որ Ծովից ծով Հայաստան ունեինք ու կորցրեցինք, ո՞վ է մեղավոր, բոլորը բացի մեզանի՞ց: Այ, սա է, որ մենք մինչև չհասկանանք, որ շատ շատ հարցերում մենք թերացումներ ենք թույլ տալիս, ոչինչ չի ստացվի: Հետո, որ ժողովուրդն այդքան մեղադրում է ոստիկաններին, ախր էդ ոստիկանը մարդ է, որին հրամայում են, նա ծառայության մեջ է, նա չի կարող չանել, ուրիշ հարց, որ հայ մարդ է, չգիտի ինչ անի, բայց հրաման է, զինվորական ծառայություն է»:

Դիտարկմանը, թե շտապեցին բնութագիր տալ «Սասնա ծռերին», նրանց ահաբեկիչներ անվանեցին, Նիկոլայ Ծատուրյանն ասաց. «Գիտեք ինչ, եթե պատանդ են վերցնում, արդեն լավ չէ, հասկանում ես, որովհետև հենց պատանդն արդեն ահաբեկչություն է նշանակում, աշխարհում էդպես է, պատանդ, որ վերցնում են, արդեն ահաբեկիչ են»:

Նիկոլայ Ծատուրյանը զրույցի վերջում հավելեց. «Եթե քննադատում են մեզ Ժիրայր Սեֆիլյանին կոչ անելու համար, է թող քննադատեն, դա ժողովրդի իրավունքն է, ի՞նչ է եղել: Ժողովրդի սերը վայելելու համար իմ կարծիքը չասե՞մ, ինձ դա պետք չէ, թող ատեն, շատ էին սիրում, հիմի էլ թող ատեն, ի՞նչ է եղել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Անդեմ, անորոշ դիրքորոշում` ոչ հարիր իրեն մտավորական համարող մարդու:(((

    A1+ ում տեղադրված է այլ մտավորականների կարծիք, խնդրում եմ ծանոթացեք և համեմատեք:
    Բանտում փակված, արցախյան պատերազմում կռված մարդուն, ով հիմա էլ պատրաստ է մահապարտներով մեկնել Արցախ ու հետ բերել գրաված 800 հեկտարը, սաստելու կոչով դիմած անվանի մտավորականներ, որոնց մի զգալի մասը պաշտոններ են զբաղեցնում կամ լավ վարձատրվող աշխատանք ունեն, հաճախ երևում են հեռուստաեթերից կամ կառավարական միջոցառումների անբաժան մասնակիցներն են ու ստեղծված քաոսային իրակիճակի փաստացի մեղավորին՝իշխանությանը ոչ մի կոչով կամ խնդրանքով չդիմեցին; Իսկ մյուս կողմից գրեթե անհայտ գործիչներ, որոնց շատերին գրեթե չենք տեսնում հեռուստաեթերից, և նրանց կոչը՝ ուղղված երկրում ստեղծված հուսալքության, անօրինականության, անպատժելիության իրական պատասխանատուներին՝իշխանությունը ստանձնած անձանց:
    Համեմատեք՝
    “Այն մտավորականներն ու քաղաքական գործիչները, ովքեր զրպարտում և մեղադրում են ապստամբներին, հիմք են ստեղծում արնահեղության համար՝ ազատելով իշխանության ձեռքերը:”

  2. Armine G says:

    Հայ մտավորականներ, ահաբեկչություն է ՀՀԿ բանդայի ու ոստիկանների արածը Ժողովրդին։
    Իսկ Ձեր արածը կանխամտածված սպանություն։ Շատ լավ գիտեք որ զենքը վայր դնողին լավագույուն դեպքում վերացնում են:
    Ամոթ Ձեզ!!!!!!! Ձեր բոլորին Ժողովուրդը էլ չի ճանաչում։

  3. Հայ մարդ says:

    Ցավոք, հետխորհրդային տարիներից մնացել է մտածողության այն կարծրատիպը, որ երկրի հիմնական մտավորականներն են` ակադեմիայի, գրողների միության, նկարիչների միության, ժունալիստների միության, կոմպոզիտորների միության (և այլ միությունների), թատրոնների, ստեղծագործական միավորումների ղեկավարները, ԲՈՒՀ-երի ռեկտորները և այլն: Մի խոսքով` բոլոր նրանք, ովքեր պաշտոնի բերումով կարևորվում են տեղեկատվական դաշտի կողմից:
    Մինչդեռ, հիմնական պրոբլեմն այն է, որ այս անձինք պաշտոնի բերումով կաշկանդված են համարձակորեն ճշմարտությունը բարձրաձայնելու հարցում և պատրաստ են ստորագրել իշխանությունների կողմից կազմված ցանկացած հայտարարության տակ: Այսպիսի մարդիկ կառավարելի են իշխանությունների կողմից, նրանք միանգամայն երջանիկ են դառնում պետական մրցանակներ, շքանշաններ, բարձրագույն պարգևներ շնորհակալագրեր ստանալիս, պատրաստ են հավատարմորեն ծառայել բարձրագույն ղեկավարությանը:
    Բայց նրանց մեջ կան նաև հեռատսներ և այդպիսիները ժամանակ առ ժամանակ ասում են կիսաճշմարտություններ, չափավոր քննադատում են իշխանություններին` ժողովրդի սրտից ջուր խմելու և նրանց դուր գալու համար: Նրանք սովորել են խաղալ երկու լարի վրա, նրանք կարողանում են խփել մեկ նալին, մեկ` մեխին: Նրանց մի մասն անդեմ է, մի մասն էլ` պրոիշխանական: Նրանք այնպիսի անձիք են, որոնց նախորդներին Գարեգին Նժդեհը շուրջ 90 տարի առաջ դիմել է “Բաց նամակներ հայ մտավորականության” գրքույկով: Եվ ստացվում է, որ նրանք չեն փոխվել 90 տարվա ընթացքում:
    Իսկական մտավորականներին պետք է փնտրել ժողովրդի կողքին կանգնածների մեջ:

  4. Տիգրան says:

    Ինչքան շատ են մեզանում անկապ խոսող «մտավո*ականները»: Այս մարդու համար թեպետ մարդասպանությունը զզվելի բան է, բայց նա մերժում է դա սոսկ այն պատճառով, որ Հայաստանի քաղաքական իրավիճակն այնքան բարդ է, որ այս տարաձայնություններն, այս քաղաքացիական ընդվզումները շատ են ազդելու մեր երկրի վրա: Եւ հիմա դրա ժամանակը չէ: Այ երբ որ քիչ թե շատ կարգավորվի այս ամեն ինչը, իսկ Ծատուրյանը չգիտի, թե դա երբ կլինի, բայց համենայն դեպս, երբ էլ որ լինի, էդ ժամանակ կարելի է հանգիստ մարդ սպանել: Իսկը եւ իսկ «մտավո*ականի» դիրքորոշում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031