Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են վերաբերվել բերման ենթարկվածների հետ Արգավանդի զորամասում. Պատմում է բերման ենթարկված դերասանը

Հուլիս 21,2016 16:41

Դերասան, ազատամարտիկ Արայիկ Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե իրեն ինչպես են Օպերայի շրջակայքից բերման ենթարկել ու ինչ ոչ մարդկային պայմաններում է ինքը հայտնվել. «Հուլիսի 17-ին` ժամը 09.30-10.45-ի կողմերն ընկերներիցս մեկը զանգեց, ասաց` ընտանիքի հետ Սարյանի արձանի մոտի սրճարանում նստած են ու հրավիրեց սուրճ խմելու: Ես էլ 3-րդ մասից գնացի, Թումանյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկում` դեպի Օպերայի բակ տանող հատվածում, կանգնած էին «հրեշտակների» ստորաբաժանման երկու ոստիկան: Բարևեցին, ասացին բարձրանանք վերև, վերևում այլ ծառայողներ կան, ճշտելու բան կա: Բարձրացանք, երբ Օպերայի ցանկապատները վերջացան, կանգնած տեսա հրեշտակների ստորաբաժանման խմբի անդամներին ու որոշ ղեկավարների: Այդ ժամանակ ինձ հետ վերև բարձրացած ոստիկանը դարձավ ագրեսիվ, ևս չորս-հինգ հոգի վրա տվեցին ինձ, ձեռնաշղթաները հագցրին ձեռքիս ու նստեցրին մեքենա: Երբ հարցրի` ի՞նչ հիմքով են ինձ տանում` սկսեցին վիրավորել»:

Արայիկ Հովհաննիսյանին այդ օրը բերման են ենթարկել Արգավանդի ճանապարհին գտնվող ներքին զորքերի զորամաս: Նրա պատմելով`մարզադահլիճում շուրջ 300 հոգի եղել է` կին, տղամարդ, երիտասարդ, տարեց: Նա պատմեց, որ բոլորի հետ անհարգալից են վերաբերվել` ծնկի են իջեցրել, ձեռքերը ծալած մեջքին պառկացրել գետնին, դեմ տվել պատին և այլն. «Ինձ բաց են թողել լուսադեմին՝ ժամը 04.00-ին, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, Լարիսա Ալավերդյանը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ բանակցեցին նրանց հետ»:

Մեր զրուցակիցը պատմեց, որ որքան իրենք գտնվել են զորամասի տարածքում, այդ ընթացքում իրենց ոչ ոք սնունդ չի տվել, միայն կարողացել են բնական կարիքները հոգալ, ինքը վատացել է, բայց զորամասի բժիշկները հոգատարություն են ցուցաբերել իր նկատմամբ, ու նրանց միջնորդությամբ համաձայնել են, որ ինքը դրսում նստի. «Քննիչները մեզ հետ բարեխղճորեն էին վերաբերվում, բայց «հրեշտակները», կարմիր բերետավորները` բոլորը դիմակներով, մարտական էին տրամադրված և ավտոմատներով կանգնած էին մեր գլխի վերևում: Լրիվ իրենց դրել էին իրենց երազած տղաների տեղը` կինոյի մեջի ռեմբո: Այնպիսի պայմաններում էին մարդկանց պահում, որ շատերը տոթից վատանում էին: Կային մարդիկ, որ շաքար ունեին, տարբեր այլ հիվանդություններ: Բերման ենթարկվածների մեջ կային կանայք, որ գիտնականներ էին, այգում նստած միասին խոսելիս են եղել, բերման են ենթարկել»:

Արայիկ Հովհաննիսյանը նաև պատմեց, որ իրենց ստիպել են ստորագրել այն գրության տակ, որ իրենք ընդունում են այն, որ ապօրինի զենք-զինամթերք են պահել և աջակցել զինված հարձակմանը:

Գնահատական տալով կատարվածին` մեր զրուցակիցը նշեց, որ այս ամենն արվում է «մեկ անձի համար, իրենց սեփական ժողովրդի կյանքը վտանգի են ենթարկում հանուն իրենց աստղերի ավելացման»:

Արայիկ Հովհաննիսյանը նաև փոխանցեց, որ այժմ ինքը քաղաքում չի գտնվում, բայց իրեն զանգով տեղեկացրել են, որ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների պատճառով տուժել է իր ընկերը`գյումրեցի ազատամարտիկ Ալեքսան Մնացականյանը. «Ընկերս ու նրա մայրը ծանր վիրավորվել են: Ընկերս նռնականետերից ծանր բեկորային և այրվածքային վիրավորում է ստացել»:

Արայիկ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք` իսկ ինքը մասնակցե՞լ է Խորենացի փողոցում տեղի ունեցող ցույցերին, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ընդհանրապես կոնկրետ այս իրադարձություններին չեմ մասնակցել ու չեմ մասնակցելու, դա իմ իրավունքն է: Խորենացի փողոցում չեմ եղել այս դեպքերի ժամանակ, չեմ էլ ցանկանում լինել, ես իմ անձնական հոգսերն ունեմ: Խնդրում և հորդորում եմ` ինձնից հեռու մնացեք, այլապես իմ իրավունքները ոտնահարելու համար փաստաբանների միջնորդությամբ բողոք կներկայացնեմ դատարան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    ԲՈԼՈՐՆԵԼ ԻՐԵՆՑ ԱՐԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏ ՀԱՏ ՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՏԱԼՈՒ ՈՒ ԹՈՂ ՀՈՒՅՍ ՉԿԱՊԵՆ ՈՐ ԿԱՐԱՆ ԱՐԴԱՐԱՆԱԼ ՈՐ ՀՐԱՄԱՆԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԱԶԳԻՍ ՏԱԿԱՆՔԸ ՊԵՏՔԱ ՎԵՐԱՆԱ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031