Այսօր ժամը 12-13-ի սահմաններում Խորենացի փողոցի՝ գրավված ՊՊԾ-ի հարակից տարածքում էր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը: Նա կրկնեց իր կարծիքը, որ հարցը պետք է խաղաղ ձեւով լուծվի, ասաց, որ չի ուզում սա եւս նոր «հոկտեմբերի 27»-ի վերածվի եւ մարդիկ զգան այն ամենն, ինչ ինքն է զգացել եւ զգում: Նաեւ իշխանություններին մեղադրեց մինչ օրս տեսանելի քայլեր չանելու համար: Տիկին Բախշյանը նկատի ունի՝ զիջումների չգնալը: Ասաց, որ իշխանությունների հնգօրյա այս լռությունը փաստում է մեկ բան՝ նրանք պատրաստ չեն զիջել:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ իշխանական կողմից էլ են հայտարարություններ հնչում՝ առանց արյունահեղության հարցը լուծելու մասին, տիկին Բախշյանը հակադարձեց. «Բա հլա մի հատ էլ ասեին՝ արյունահեղություն ենք անելո՞ւ…»: Անահիտ Բախշյանի մոտեցումները դուր չեկան տեղում ներկա քաղաքացիներից մեկին: «Համ մեխին ես խփում, համ նալին»,- ասաց Գառնիկ Աբրահամյանը: Ապա նա ներկայացրեց իր մոտեցումները. «Սերժը իրան սպառել ա, ավելի լավ ա փոխենք: Ի՞նչ ա նշանակում՝ անընդհատ գլուխ խոնարհելով… էս ազգը կորում ա, գնում ա ռուսաստաններ, ինչի՞ համար ա իրա հայրենիքը թողում: Ո՞վ ա պատասխանը տալու: Սրանք ավելի վտանգավոր թշնամի են: Արեք բոլորս միասին վերջ տանք սրան: Ես խնդրում եմ ժողովուրդ ջան, հայ ազգ ջան, մոմենտը բաց մի թողեք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ներկաներից մեկն էլ սկսեց դժգոհել, որ ինքը ապրիլյան պատերազմի օրերին «զոռով է գնացել» Ղարաբաղ: Ասում է՝ չէին թողնում: Զինվորների հետ էլ խոսել է, նրանք էլ պատմել են. «Չէին թողնում կրակենք»: Գառնիկ Աբրահամյանն, որը եղել էր Թալիշում, ապշած էր Ստեփանակերտից-Թալիշ ճանապարհի անմխիթարությամբ: «Ոնց որ մի հատ սելի ճանապարհ: Մեքենաները չէին կարում շարժվեին: Բա 20 տարի ի՞նչ եք արել»,- իշխանությանը դիմեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ