Լրահոս
Օրվա լրահոսը

Համախմբում. վստահ ենք, որ հենց քաղաքական իշխանության իներտ և անհասկանալի վարքագիծն է նման իրավիճակի պատճառը

Հուլիս 21,2016 15:27

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը խոր մտահոգություն է հայտնում քաղաքացիների և ոստիկանության ուժերի բախման կապակցությամբ: Խաղաղ քաղաքացիների ինքնաբուխ հավաքն անսպասելիորեն վերածվեց ընդհարման, որի հետևանքով կան տուժածներ և վիրավորներ:

Երեկ գիշերվանից շրջանառվում է այն վարկածը, համաձայն որի՝ խաղաղ հավաքի ժամանակ գործել են նախապես պատրաստված սադրիչ խմբեր, որոնք հրահրել են ընդհարումը:

Մենք պահանջում ենք իրավապահ կառույցներից կարճ ժամկետում հիմնավոր փաստերով հերքել այդ խմբերի և ոստիկանության կապը, ինչի մասին վարկածը շրջանառվում է հասարակության մեջ։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը կրկին փաստում է, որ արդեն հինգերորդ օրն է` երկրի քաղաքական ղեկավարությունը՝ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ցուցաբերում են քաղաքակիրթ աշխարհում նախադեպը չունեցող պահվածք և հրաժարվում են այս լարված պահին հանդես գալ հրապարակային հայտարարությամբ, իրավիճակի իրենց գնահատականով և խոսել ժողովրդի հետ:

Երկրի քաղաքական ղեկավարության՝ ժողովրդից ինքնամեկուսացման պայմաններում մեծանում է ցուցարարների և իրավապահների միջև բախումների հավանականությունը: Հետևաբար, իշխող քաղաքական վերնախավն իր այս պահվածքով կրում է ուղղակի պատասխանատվություն:

Մի քանի օր շարունակվող ոստիկանական բռնարարքները, խաղաղ քաղաքացիների անձի և արժանապատվության ոտնահարումները ստեղծում են պայթյունավտանգ մթնոլորտ և հղի են անկանխատեսելի զարգացումներով:

Սա ժողովրդի և ոստիկանության հակամարտություն չէ, և չի կարելի թույլ տալ նման տրամադրությունների զարգացում: Միևնույն ժամանակ, մենք վստահ ենք, որ հենց քաղաքական իշխանության իներտ և անհասկանալի վարքագիծն է նման իրավիճակի պատճառը:

Մենք կոչ ենք անում ոստիկանությանը դադարեցնել խաղաղ քաղաքացիների նկատմամբ հինգ օր շարունակ իրականացվող բռնությունները, որոնց մասին կան բազմաթիվ արձանագրված փաստեր:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը կրկին կոչ է անում քաղաքական ուժերին մի կողմ թողնել նեղ կուսակցական հավակնությունները և համատեղել ջանքերը՝ ունենալով մեկ օրակարգ՝ թույլ չտալ իրավիճակի սրում, թույլ չտալ բախումներ, գտնել քաղաքական ելքեր իրավիճակից:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031