Լրահոս
Օրվա լրահոսը

«Զենքով հարց լուծելը այլ հարթություն է մեզ տեղափոխում, մեզ արյունահեղություն պետք չէ». Մկրտիչ Մինասյան (Տեսանյութ)

Հուլիս 21,2016 14:32

«Համաձայն եմ կոչի հետ` մեզ հանգստություն է պետք, ոչ թե արյունահեղություն: Սոսկալի բան է արյունահեղությունը, երբ նույն ազգի ներկայացուցիչների միջեւ է կատարվում: Երեւի իշխանություններին ոչ թե պետք է հորդորենք, այլ անենք հնարավորը, որ չլինի արյունահեղություն»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով մի խումբ մտավորականների` «Հիմնադիր Խորհրդարանի» կալանավորված անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին ուղղված կոչին` ասաց ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նա հարցադրում արեց` մի քանի օր է` ինչո՞ւ երկրի ղեկավարությունը չի խոսում. «Ինչո՞ւ իշխանության առաջին դեմքերից մեկը չի ասում` «ժողովուրդ, հանգիստ եղեք»: Ժողովուրդը մեծի ձայնն է ուզում լսել, թե չէ մենք կարող ենք խոսել եւ ասել, թե ինչ ենք մտածում: Ղեկավարի խոսք է պետք, որ ժողովուրդը վստահություն ունենա, առաջին դեմքից ստանա կարեւոր տեղեկատվություն: Եթե չի ստանում, ասեկոսեների վրա է հիմնվում: Մենք քիչ ժողովուրդ ենք մնացել` մեզ հետ պարզ պետք է խոսել»:

Անդրադառնալով Խորենացի փողոցում ցուցարարների հավաքներին` Մինասյանը նկատեց, որ եթե խնդիր կա` գերատեսչությունները պետք է դրանք լուծեն, որպեսզի ժողովուրդը չհասնի ծայրահեղ զայրույթի. «Նկատի ունենք նաեւ իշխանություններին. նրանք նույնպես պետք է քայլ անեն, որպեսզի ծայրահեղ վիճակի մեջ չընկնենք: Բազմաթիվ չլուծված հարցեր կան, բայց դրանք զենքով լուծելը այլ հարթություն է մեզ տեղափոխում»:

Ճարտարապետների միության ղեկավարը նաեւ կարծիք հայտնեց, որ «Սասնա ծռեր» զինված խմբի եւ իրավապահների միջեւ բանակցությունները գուցե ընթանում են նրա համար, որ իշխանություններն ինչ-ինչ խնդիրների շուրջ փորձում են երաշխիքներ առաջադրել:

Առաջիկայում ստեղծված իրավիճակի շուրջ ՀՀ ճարտարապետների միությունը եւս կոչով հանդես կգա:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031