Քիչ առաջ Խորենացի փողոցի այն հատվածում, որտեղ արդեն 5-րդ օրն է՝ փակ է դեպի ՊՊԾ տանող ճանապարհը, ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ. բեռնատար ավտոմեքենաներից մեկի վարորդը լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունն արտահայտեց առ այն, որ երեկվանից իր մեքենան անօրինական կերպով բերել են ճանապարհը փակելու համար: Վարորդը պատմում էր, որ իրեն ճանապարհին պարզապես կանգնեցրել են ոստիկանները եւ ասել, որ մեքենան պետք է փողոցի այդ հատվածը փակելու համար:
Տեղում հավաքված 5-6 տղամարդիկ ասացին, որ կաջակցեն վերջինիս, եթե նա համարձակություն ունենա եւ փորձի մեքենան դուրս բերել: Վարորդը մոտեցավ մեքենային, այդ պահին նրան մոտեցավ նաեւ ոստիկանության մի գնդապետ, որը լրագրողների հարցին ի պատասխան՝ ասում էր, որ իրենք վարորդի հետ պայմանավորվածություն ունեն: Արդեն մեքենայի ղեկին նստած վարորդին նա խնդրեց իր հետ անցնել ու խոսել:
Ոստիկանների հետ շատ կարճ տեւած խոսակցությունից հետո վարորդը եկավ եւ հայտարարեց, որ ոստիկաններն իրեն խոստացել են վաղը մեքենան ազատ թողնել: Վարորդը տարածքից շատ արագ հեռացավ, այդպես էլ անպատասխան թողնելով հարցերը, թե ինչպես այդպես արագ պայմանավորվեցին ոստիկանների հետ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Միջադեպից 15-20 րոպե անց ցեմենտով բեռնված բեռնատարի վարորդը նստեց մեքենայի ղեկին, քշեց մեքենան եւ պատուհանից բղավեց. «Ես գնացի, գնացի-պրծա, ապրեք»: