Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. «Էրդողանի մնալը շատ ավելի լավ է Հայաստանի համար» (Տեսանյութ)

Հուլիս 21,2016 12:08

Հուլիսի 21-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն էր Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նա խոսեց Թուրքիայի չստացված հեղափոխությունից եւ անդրադարձավ հայաստանյան վերջին դեպքերին:

«Հիմա, երբ Թուրքիայում կրքերը հանդարտվում են՝ դեպքերը մտնում են ավելի խաղաղ հունի մեջ: Ընդհանրապես բոլոր քաղաքական երեւույթները պետք է դիտարկել արտաքին եւ ներքին սեգմենտներով, կարծես թե Էրդողանի մոտ պետք է այսպիսի իրավիճակ լիներ: Էրդողանի քաղաքականությունը, եթե չասենք տապալվեց, ապա գոնե կրեց մեծ կորուստներ եւ եվրոպական ուղղությամբ, Ռուսաստանի հետ հարաբերությունները տապալվեցին, արաբական աշխարհում լիդեր դառնալու նկրտումները, ինքը նաեւ ունի նաեւ ներքին խնդիր: Ահազանգող հեղաշրջման փորձը, սակայն, կարծես փրկօղակ եղավ: Կա վարկած՝ արդյոք Էրդողանի կազմակերպածը չէր: Հիմա իրենք են ասում, որ դա ամերիկյան հետք է, ինչը ամերիկյան կողմը ժխտում է, բայց որ թուրք-ամերիկյան հարաբերությունները լարված են, դա փաստ է»,-ասաց պարոն Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է թուրքական հեղաշրջման փորձի՝ դրսից կազմակերպված լինելուն, դիվանագետը հետեւյալ կարծիքի է. « Կա՛մ իրոք կազմակերպվում է, կամ էլ եթե կազմակերպված չէ, սովորաբար ճկուն քաղաքական գործիչները շատ արագ մտնում են դրա մեջ եւ կարողանում են օգուտ քաղել կատարվածից: Էրդողանը համենայն դեպս այդ ամենից դուրս եկավ շատ ամրապնդված: Այսօրվա դրությամբ շատ համոզված քեմալականներ անցնում են նրա կողմը, նրա իսլամական կողմը ուժեղանում է, էլ չենք խոսում պառլամենտականների իրավունքների սահմանափակման, մահապատիժ մտցնելու մասին: Չնայած սրան՝ զուգահեռաբար ամերիկացիների հետ հարաբերությունները սկսում են էրոզիայի ենթարկվել: Զարմանալի է, որ հեղաշրջման փորձը համընկավ Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացմանը: Այսօրվա դրությամբ Թուրքիան Ռուսաստանի հետ ավելի է մոտենում սիրական ուղղությանը, քան Ամերիկայի հետ էր»:

Արման Նավասարդյանը մի կանխատեսում էլ արեց. «Եթե հանկարծ Մեծ Քրդստան ստեղծվի, բոլոր կոմունիկացիաները կկտրվեն Իրանի կողմից, եւ Թուրքիան կսեղմվի երկու ծովերի արանքում»:

Դեսպանի ձեւակերպմամբ, ներկայումս գնում են խորը աշխարհաքաղաքական զարգացումներ, եւ Ռուսաստանը ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում, իսկ Թուրքիան էլ գոհ է, որ Ռուսաստանն իր հանդեպ լավ է տրամադրված:

«ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալը մեծ հարցական է, Թուրքիան հանդիսանում է ամենամեծ բանակը ՆԱՏՕ-ում, իսկ ԵՄ մտնելը գոնե գուշակելի ապագայում Թուրքիան թաղեց»,-ասում է բանախոսը:

Դիվանագետի ձեւակերպմամբ. «Եթե հանկարծ Էրդողանը որոշի լայնամասշտաբ հարձակում սկսել քրդերի ուղղությամբ, կարող է այնտեղ փնտրել հայկական եւ հունական հետքը, իսկ դա կարող է սրել իրավիճակը»:

Ինչ վերաբերում է Էրդողանին, Արման Նավասարդյանի խոսքերով. «Փորձված թանը անփորձ մածնից լավ է, Էրդողանի մնալը շատ ավելի լավ է Հայաստանի համար: Որքան հսկվող եւ միապետական պետություն լինի Թուրքիան, այդքան լավ է Հայաստանի համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031