Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք դա չէինք կարող չանել, մեզ չէինք ների. 1in.am

Հուլիս 21,2016 11:34

Մենք արդեն հինգ օր շարունակ Հայաստանի մայրաքաղաքում ականատես ենք լինում հենց այդ հետևանքների ծավալմանը, որ սկսվեց հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված գրոհից հետո՝ բերելով նաև ոստիկանության փոխգնդապետի ողբերգական մահվան: Եվ այսօր մենք բոլորս, ըստ էության, կանգնած ենք կյանքի ու մահվան դիլեմայի առաջ, մինչև անգամ պետությունը՝ բառի և՛ իրական, և՛ փոխաբերական իմաստներով: Սրա շունչը ոչ միայն թևածում է ՊՊԾ գնդի վրա ու դրա շրջակայքում, այլև բավական ակնառու էր նաև նախորդ գիշեր տեղի ունեցող բախումներում, որոնցում ակնհայտ դարձավ, թե վտանգավոր ու աղետալի հետևանքով հղի սադրանքների ինչպիսի դաշտ է բացվել Հայաստանում անցնող օրերի ընթացքում:

Այս իրավիճակում պատասխանատվությունն այն նվազագույն ու կենսական անհրաժեշտությունն է, որ պետք է առկա լինի յուրաքանչյուր քաղաքացու մեջ, ում համար Հայաստանը՝ որպես պետություն, ունի նշանակություն, ով այդ պետության հետ կապում է թե՛ իր, թե՛ իր զավակների ապագան:

Այդ իրավիճակում մենք չէինք կարող մնալ մի կողմ քաշված՝ անկախ այն զգացողություններից և մտորումներից, որոնց պատճառով մի քանի օր առաջ հայտարարել էինք մեր գործունեությունը դադարեցնելու մասին: Մեզանից՝ բոլորիցս, վեր է պետությունը, դրա շահն ու անվտանգությունը, որի մեջ է տեղավորվում կամ որի մեջ պետք է տեղավորվի մեր բոլորի անձնական կամ ընտանեկան շահն ու անվտանգությունը:

Մենք մեզ չենք կարող ներել այդ իրավիճակում մի կողմ քաշված մնալու, որպես զանգվածային լրատվության միջոց, որպես քաղաքացու, հասարակության, պետության գործընկերության կոչված ինստիտուտի մի ներկայացուցիչ մեր հանրային պարտականությունը չկատարելու համար, պետության ու քաղաքացու առաջ դժվարին ու վտանգավոր իրավիճակում պատասխանատվության մեր բաժինը մի կողմ նետած լինելու համար: Մենք մեզ չէինք ների, և մեզ չէր ների մեր հավատարիմ ընթերցողը:

Մենք վերադառնում ենք՝ հույսով, որ կունենանք մեր լուման Հայաստանի խաղաղ և օրինական զարգացման հեռանկարը վերադարձնելու գործում: Միաժամանակ մատնացույց կանենք պատասխանատվության այն գոտիներն ու խնդիրները, որոնք այս իրավիճակում ունեն առաջին հերթին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ հետո հասարակական ու քաղաքական այն ինստիտուտները, որոնք 25 տարի պետության ու հասարակության անունից հանդես գալով՝ ըստ էության հասարակությանն ու պետությանը մղել են շատ վտանգավոր ու հուսահատ մի փակուղի:

Մուսա Միքայելյան

Նյութի մանրամասները կարդացեք 1in.amի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031