«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մի քանի օր է՝ հանդիպում է տարբեր ուժերի հետ ու քննարկում իրավիճակը, դուրս գալու ելքերը։ Երեկվա դրությամբ ԱԱԿ նախագահը հանդիպել էր «Համախմբում», «Ազատ դեմոկրատներ», «Ալյանս» կուսակցությունների ներկայացուցիչների հետ, թե երբ կյանքի կկոչվի այդ նախաձեռնությունը, Իսագուլյանը չի կարող ասել։
– Պարոն Իսագուլյան, ո՞ւմ հետ եք հանդիպել, ի՞նչ կարող եք անել։
– Եկեք անուններ չտամ, խնդիրը հետեւյալն է. ըստ էության, բոլոր կուսակցությունները հանդես են եկել դիրքորոշումներով, հիմա մեր ամբողջ խնդիրն այն է, որ ոչ թե միասնաբար հայտարարենք, որ պատրաստ ենք ամեն ինչ անել, որ գործընթացն ունենա խաղաղ հանգուցալուծում, այլ այդ հայտարարություններից հետո կոնկրետ գործողությունների պատրաստ են, թե՝ ոչ։ Բոլոր ուղղություններով են այդպիսի քննարկումներ գնում։
Մենք երեկ հավաքվել էինք «ԱԴ»–ում, որտեղ էին նաեւ Բագրատյանի «Ազատությունը», «Համախմբումը», «Հայազնը», խոսել ենք նաեւ խորհրդարանական ուժերի հետ, այսօր կապվել ենք «Հայազնի» ղեկավարության հետ, առաջարկել ենք նախաձեռնությունները միացնել, եւ կարողանանք ընդհանուր հայտարարի գալ։ Կան տարբեր առաջարկներ։
Կարդացեք նաև
Մեր կուսակցությունն առաջարկում է՝ կուսակցությունների առաջին դեմքերով կամավոր գնանք այդ տարածք, մտնենք ներս, ոստիկաններին ազատ արձակեն, ոստիկաններն էլ իրենց լավ կզգան, որ իրենց կոլեգաներն այլեւս պատանդի կարգավիճակում չեն, ներսում գտնվող տղաները հայրենասեր տղաներ են, կարծում եմ՝ կհամաձայնեն, նրանք իրենց հայրենասիրությունը Ղարաբաղի պատերազմի ժամանակ ցույց են տվել, ոստիկաններն էլ մեր այսօրվա սպաներն են, որոնք ծառայում են հայրենիքին։
Երկու կողմն էլ հայրենասեր զավակներ են։ Կբացառենք բախումը, մինչեւ կքննարկվեն մնացած հարցերը։
Մենք կապի մեջ ենք նաեւ իշխանության հետ, բոլոր կուսակցություններն իրենց ներսում քննարկում են տարբերակներ, հուսով եմ՝ հաջողության կհասնենք։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում