Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր Նաիրի Հունանյանը ահաբեկիչ, ՊՊԾ գունդը գրավածները՝ ապստամբ

Հուլիս 21,2016 15:00

«Հիմնադիր խորհրդարանի» գործողությունների հակասական
գնահատականներն ու զուգահեռները Հոկտեմբերի 27-ի հետ

«Երբ հաճախակի ասում են, որ Հոկտեմբերի 27-ը հատուկ ծրագրված է եղել, վերջիվերջո դա դեռ հաստատված չի: Ուրիշ բան է, որ ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ լավագույն ցանկություններով դժոխքի ճանապարհ են ընտրում: Ինչ էր արել Նաիրի Հունանյանը եւ ինչ էր ասում՝ ես արեցի, բացեցի ճանապարհը, եկեք իմ հետեւից: Մոտավորապես նույնը հիմա է՝ մենք արեցինք, հիմա ժողովուրդ, հերթը ձերն է»,- «Առավոտի» հետ զրույցում Էրեբունու ՊՊԾ գունդը գրոհած զինված խմբի գործողություններն այսպես որակեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Ըստ նրա՝ «տոտալիտար մտածողության ցանկությունն է՝ լինել առաջնորդ, հանուն ժողովրդի զոհվել, ինչ անում ես՝ ոչ թե քո, շրջապատիդ, այլ ժողովրդի անունից խոսել, դա նշանակում է նախ նսեմացնել ժողովրդին: Սա ֆեյսբուքյան 5000 սահմանափակման ժողովրդի ընկալումն է, երբ դու խոսում ես եւ շփվում ես միայն քո համակիրների հետ, դրանից հետո գալիս է երկրորդ քայլը՝ դուք արժանի չեք ինձ, արժանի եք այս իշխանությանը, որովհետեւ դուք իմ հետեւից չգնացիք: Հնչում են վիրավորանքներ, այն, ինչ մենք այսօր հաճախակի լսում ենք հրապարակներում՝ դուք ոչխար եք, դուք խոտակեր եք եւ այլն, թվում է, որ դրանով կարելի է մարդու հոգին արթնացնել: Արժանապատվությունը վիրավորելով՝ որեւէ բան չի լինի: Ինձ համար աջը, ձախը որեւէ նշանակություն չունեն, եթե դրանք նույն ձեւ են գործում»:

Ռուբեն Բաբայանը կարծում է, որ իշխանության համար պայքարը նույն արժեքային համակարգն ունեցող մարդկանց մեջ է. «Ամբողջ հարցը ոչ թե արժեքային համակարգը փոխելու մեջ է, այլ պարզապես տեղերով փոխելու: Զարմանում են, թե ինչու գործը առաջ չի գնում: Ի՞նչ եք առաջարկում՝ բացի նրանից, որ սրիկաներին պետք է արագ հանել, հետո՞: Մենք բոլորս մարդիկ ենք, պետք է ծրագիր տեսնենք, պետք է տեսնենք՝ ինչքանով է վստահելի նա, ով առաջարկում է այդ ծրագիրը»:

Մեր դիտարկմանը, որ «Հիմնադիր խորհրդարանի» համախոհներն ասում են՝ դե, մնացեք, արյունաքամ եղեք, ամեն օր սահմանին զինվոր է զոհվում, Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Կան վտանգավոր բաներ, որոնք գալիս են այս լրիվ տապալված կրթական համակարգից»:

«Հիմնադիր խորհրդարանն» ասում է՝ անցումային կառավարություն ստեղծեն՝ ժողովրդի մարդկանցից կազմված, Ռուբեն Բաբայանը արձագանքեց՝ «ամենադեմագոգիկ բանն է՝ ամեն ինչ գցել ժողովրդի վրա, թե՝ ժողովուրդ ջան, դու ոնց որոշես՝ այդպես էլ կլինի: Ժողովրդավարությունը ոչ թե մեծամասնության կամքն է, այլ փոքրամասնության իրավունքն է: Բոլոր այդ շարժումները փոքրամասնությունն անտեսել են միանշանակ՝ մեզ տվեք իշխանություն, որ մենք դառնանք մեծամասնություն»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ կարծում է, որ բացարձակ սխալ է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին համեմատել Նաիրի Հունանյանի հետ. «Հակասություններ շատ կան, առաջին հերթին՝ Նաիրի Հունանյանը խմբով կոնկրետ առաջադրանքով է գնացել: Ինձ համար դա հստակ է, քննությունն է ցույց տալիս: Բոլոր այն անձինք, ովքեր նախագահի բացակայության դեպքում իրավունք ունեին իշխանություն կրելու, չկային: Ինքը միանշանակ անզեն մարդկանց թիրախավորված գնդակահարում էր: Այնպես չի, որ փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որի արդյունքում կար զոհ»:

Արմեն Մարտիրոսյանը վստահեցնում է, որ «իրենք չեն ասել, որ մենք գալիս ենք իշխանության, ասել են՝ ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն: Իրենք ասում են՝ երբ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակեն՝ արտահերթ ընտրություններ: Իհարկե, սա լավագույն ուղին չէ, սա ճարահատյալ, այլ եք չլինելու քայլ է…»:

Զինված խմբի հետեւից գնալն ինչքանո՞վ է ճիշտ՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Սպարտակի ապստամբությունը զինված մարդու հետեւից գնալ էր, ստրուկները գնում էին, որ ազատվեին»: Նա ասաց, որ իր համար «Հիմնադիր խորհրդարանի» զինված խմբի գործողությունները ահաբեկչություն չեն. «Այն խնդիրները, որ նրանք դնում են, քաղաքական են, անձնական չեն, սա ահաբեկչություն չէ»:

Մեր դիտարկմանը, որ իսլամիստներն էլ անձնական հարցեր չեն լուծում՝ Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց. «Համեմատելու եզր չկա Պավլիկ Մանուկյանի եւ ահաբեկիչների միջեւ: Իսլամիստները գնում երեխա են տրաքացնում, անմեղ մարդկանց են սպանում: Անմեղ որեւէ մարդու իրենք չեն սպանել, ընդհարվել են ոստիկանների հետ: Իրենք անընդհատ ցույց են տալիս իրենց վերաբերմունը: Իրենք գումար չեն աշխատում, ահաբեկիչները գումար են աշխատում»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

20.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031