Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուրիշի փոսը

Հուլիս 21,2016 10:05

2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ես ձայնս տվել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի մասին գրել եմ թե՛ ընտրություններից առաջ եւ թե ընտրություններից հետո: Բայց, լինելով նրա համակիրը եւ ավելին` ջերմ հարաբերություններ ունենալով նրա զինակիցներից ոմանց հետ, ես չխուսափեցի «ՀԱԿ-ական ակտիվիստների» պարբերական վիրտուալ հարձակումներից եւ հայհոյանքներից: Պատճառն այն էր, որ «Առավոտը» հրապարակում էր ոչ միայն «Սերժիկ, հեռացիր», «Հաղթելու ենք» եւ «Ռեժիմը խուճապի մեջ է» թեմայով նյութեր, այլեւ հակառակ եւ չեզոք կարծիքներ: Ես էլ, որքան էլ համակրեմ Առաջին նախագահին, չեմ կարծում, որ նա անսխալական է, եւ նրա բոլոր քայլերը հանճարեղ են:

Բնականաբար, ես «հոգեբանական պրեսինգի» միակ թիրախը չէի` ինձնից շատ ավելի արժանավոր մարդիկ շանտաժի էին ենթարկվում` եթե այսպես ասես, ուրեմն հաճախորդ ես, եթե այնպես անես, ուրեմն դհոլ ես եւ այլն: Մի խոսքով` կա միայն սեւ եւ սպիտակ՝ «ով մեր հետ չէ, նա մեր դեմ է», «քայլ աջ, քայլ ձախ` գնդակահարություն» եւ այլն: Նման մտածողության ազդակները գալիս էին, կարծում եմ, հենց առաջին նախագահից, հակառակ դեպքում այդքան կազմակերպված բնույթ չէին կրի: Տարիների ընթացքում ՀԱԿ-ն, իհարկե, փոխվել է, դարձել է ավելի հանդուրժող եւ լայնախոհ, բայց նրանց կողմից խաղի մեջ մտցրած եւ շատ շատերի կողմից ընդունված ավանդույթը պահպանվեց եւ զարգացավ, տարածվեց այլոց մոտ: Հիմա, ֆեյսբուքի զարգացմանը եւ հասարակության ռադիկալացմանը զուգահեռ, վերոհիշյալ «հոգեբանական պրեսինգը» դարձել է ավելի ծանր, ավելի կազմակերպված, ավելի համատարած: Այնքան համատարած, որ շանտաժի ենթակա «պրոսկրիբցիոն ցուցակներում» հայտնվեցին նաեւ… ՀԱԿ-ը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչպես ասում են, ուրիշի համար փոս մի փորիր:

Այս անգամ «վերեւից իջեցված» բանաձեւը հետեւյալն է. «այս տղաները ազգի նվիրյալներ են, որոնք իրենց գործողություններով (այսինքն` ոստիկանության շենքը գրավելով, պատանդ պահելով եւ ոստիկան սպանելով) կերտում են Հայաստանի պայծառ ապագան»: Եթե որեւէ մեկը մի փոքր շեղվում է այդ բանաձեւից եւ իրավիճակին տալիս է այլ գնահատական` թեկուզեւ իշխանություններին խիստ դատապարտող, իշխանափոխություն պահանջող, կամ եթե որեւէ մեկը գլուխ ջարդելուց, գյուլլելուց եւ սատկացնելուց զատ՝ որեւէ այլ առաջարկ է անում, ապա նա արժանանում է առնվազն «իշխանության սպասարկուի» պիտակին, իսկ ավելի հաճախ` լատինատառ հայերենով գրված սեռական բնույթի հայհոյանքների: Նպատակը պարզ է` ստիպել, որ այդ գործիչները կա՛մ տեղավորվեն վերոհիշյալ բանաձեւի մեջ, կա՛մ ընդհանրապես լռեն: Շատերը բարոյական այդ զանգվածային ճնշումից կոտրվում են եւ անում են կամ մեկը, կամ մյուսը: Ոմանք (օրինակ՝ Տիգրան Հակոբյանը կամ Ազատ Արշակյանը) շարունակում են դիմադրել եւ համառորեն առաջ տանել իրենց տեսակետը:

…Հետաքրքիր է, երբ 20 տարեկան երիտասարդը, որն առայժմ որեւէ բան չի հասցրել անել, սեւացնում է Տիգրան Մանսուրյանին, ի՞նչ է, նա կարծում է, որ դրանից ինքը «սպիտա՞կ» կդառնա:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    Կուսակցական Սերոժի «excelsior»-ը Սերժին հասցրեց գագաթնածայրին, իսկ այսօր, նախապատրաստելով «օդանցքը», կիրառում է «avant-poste»:
    Այս անգամ «վերեւից իջեցված» բանաձեւի զոհը դարձան «Սասնա Ծռեր»ը:

  2. Seyran says:

    Այս դեպքի համար են ասում ,,ձախության մանկական հիվանդություն,,:Կարծես,որ իշխանափոխություն լինի,նոր իշխանությունները թուլատրելու են ոստիկանության բաժանմունքի գրավումը,ոստիկանական համակարգը վերացնելու են,պարգևատրելու են իշխանության հայհոյողներին,զանգվածային անկարգություններ հրահրողներին և այլն:
    Այս իրադարձություններից հետո որոշել եմ այն կւսակցությանը կամ ուժին ձայն տալ,ով կխոստանա,որ այլևս իշխանություն չի լինելու….

  3. Հ.Շ. says:

    Հարկաւոր էր այդ ճնշումներին, շանտաժին եւ նոյնիսկ սպառնալիքներին դիմադրել, տեղի չտալ, ոչ միայն մի քանի օր առաջ ծայր տված ոճրագործական արարքի կապակցութեամբ, այլ անկէ շատ առաջ. որպէսզի թերեւս այս բիրտ ու անմիտ սայթաքումը տեղի չունենար, հայի արիւն չհոսէր:

    Ոստիկանատան գրաւումն ու ոստիկանի սպանութիւնը կարող են միայն մէկ ազդեցութիւն ունենալ, բոլոր խելքը-գլխին մարդկանց վրայ՝ զօրակցութիւն, ի նպաստ իշխանութեան: Սակայն այդ դիրքորոշումը Հայութեան մեծամասնութիւնը արտայայտում է իր լռութեամբ:

    Ամենավատ կառավարութիւնը անգամ նախընտրելի է այն պժգալի կացութեան որ ստեղծեցին ծայրահեղականները, որոնց գործած վնասն ու ավերը երկրի նկատմամբ նաեւ շատ աւելի ծանր են քան թէ իշխանութեան ամենավատ թերութիւնների հետեւանքները:

    Իսկ խնդիրը չի վերջանար վերեւի Խմբագրականի մէջ նշուած ճնշումներով: Անհեթեթութեան գագաթնակէտը այն է թէ, իշխանութեան դէմ կոյր կատղանքով եւ բացարձակ ատելութեամբ լեցված այդ ափ մը մոլորեալների կեցվածքը, իրենց հետ համակարծիք չեղողների նկատմամբ, համազօր է ասելու թէ միայն իրենք է որ խելացի եւ բանիմաց են, մինչ բոլոր մնացեալներս անխելքներ են ու բան չենք տեսնում, չենք հասկանում:

    Ասիկա կը յիշեցնէ այն պատմութիւնը ուր խենթանոցին մէջ դարմանվող հիւանդ մը, լուսամուտի ճաղերի ետեւից կը դիտէ դուրսի անդադար երթեւեկող անցորդները, եւ կը ծիծաղի, աղաղակելով ՝ «տեսէք ո՜նց այսքան շատ մարդիկ ճաղերի ետեւ են, խեղճերը»… (Ի դէպ, հաւանաբար ոմանք այս առակն ալ մեկնաբանեն իրենց տիպական, պատանեկան արբունքի վայել ռոմանթիզմով, մեզ բացատրելու համար որ այս մեծապատիւ ոճրագործները երբ որ հասնին բանտի իրենց խուցը, խորքին մէջ իրենք աւելի ազատ են լինելու, քան թէ մենք, դուրսը… ֆալա~ն…) :

    Մ. Հայդուկ Շամլեան

  4. Կարո Մելիքյան says:

    «Ամենայն ճշմարտություն միանշանակ է»։-Արդյոք սա բազմանշանակ մի սուտ չէ՞։

    Ֆ.Նիցշե

    Ժողովուրդը փորձում է՝ իշխանավորների հետ վարվել այնպես,ինչպես՝իշխանավորները՝ միշտ վարվել էն իր հետ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031