Հուլիսի 21-ին Խորենացու փողոցում մի քանի հարյուր քաղաքացիներ են հավաքվել՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավված զինված խմբի և ոստիկանության ներկայացուցիչների մինչև հավանական բախումները կանխելու նպատակով: Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման և դրան վերաբերելի դեպքերը լուսաբանելու նպատակով Խորենացու փողոցում և դրա հարակից հատվածներում իր մասնագիտական գործունեությունն է կատարել Իրավաբան.net լրատվական կայքի լրագրող Գևորգ Թոսունյանը:
Տիգրան Մեծ պողոտայում նա տեսանկարահանել է միջադեպ, թե ինչպես են քաղաքացիական անձանց ուղղությամբ քարեր նետվում այլ քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Քարեր նետողները բռնություն են կիրառել լրագրողի նկատմամբ՝ քաշքշել, գետնին գցել, հարվածել, այնուհետև բռնությամբ վերցրել տեսախցիկի հիշողության քարտը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան խստորեն դատապարտում է բռնությունները, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքը և ընդգծում, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է:
Իրավաբանների հայկական ասոցիացիան կոչ է անում իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով անմիջապես իրավական գնահատական տալ արարքին և ձեռնարկել միջոցներ՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Իրավաբանների հայկական ասոցիացիա
Գեւորգ Թոսունյանի լուսանկարը` Հերմինե Վիրաբյանի