Լրահոս
Օրվա լրահոսը

Դադիվանքի պատերը ծխից սեւացել էին. (Տեսանյութ)

Հուլիս 21,2016 14:00

3 տարի հետո Արցախի հայտնի վանական
համալիրն ամբողջությամբ վերանորոգված կլինի

Պատմական Արցախի քարակերտ հրաշքներից մեկը` Դադիվանքը, վերանորոգվում է: Վանական համալիրի չորս մատուռի, որոնցից մեկը հարեւան սարի գլխին է, մաքրման աշխատանքները սկսված են:

«Առավոտ»-ի հետ զրույցում Դադիվանքի վանահայր եւ Քարվաճառի շրջանի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ չորս մատուռներն էլ կնորոգվեն:

Ուշագրավ են Դադիվանքի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու` 1297թ.-ի բարձրարժեք որմնանկարները` Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի, Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետի պատկերներով: Տեր Հովհաննեսը պատմեց, որ 1950-ականներին Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ Դադիվանքի տարածքը վերաբնակեցվել է. ազգությամբ թուրք ընտանիքներից մեկի հայրը, որը շատ երեխաներ է ունեցել, հաստատվել է վանքում. «Նրանք բնակվել են հենց եկեղեցու ներսում: Եկեղեցին 20-ականներից չէր գործում: Թուրքն իր անասուններին պահում էր եկեղեցու խցերում: Ամեն օր եկեղեցու ներսում կրակ են վառել, որ տաքանան, կերակուր պատրաստեն: Ծխից սեւացել են եկեղեցու ողջ պատերը:

Arcax_5 Arcax_3 Arcax_2 Arcax_1

Որմնանկարները, որոնք 700 տարվա պատմություն ունեն, ամբողջությամբ խամրել են, պատվել մրով` գրեթե չէին երեւում: Եթե Արցախյան ազատագրական պայքարի ժամանակ թուրքերը տեսնեին դրանք, անպայման կքանդեին: Փառք Աստծո, դրանք պահպանվեցին: Երբ 1993թ. ապրիլին ազատագրեցինք Դադիվանքը, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Պարգեւ Սրբազանի հետ ես եւ մի քանի զինվորականներ մտանք Դադիվանք, տեսանք այս հրաշքը եւ որմնանկարները: Այդ օրից սկսեցինք վերականգնել եկեղեցին»: Մեր զրուցակցի ներկայացմամբ՝ նախորդ տարի նվիրյալ հայորդիների ներդրումների շնորհիվ սկսվել է Դադիվանքի ընդհանուր նորոգումը.

«Մաքրեցինք, բացեցինք որմնանկարները… Այնքան մեծ է դրանց հոգեւոր արժեքը: Այսօր պահպանվում են մեր եկեղեցին, մեր խաչքարերը: Ամենակարեւորը` նախորդ տարի վանքն ամբողջությամբ ցանկապատվեց եւ պարսպապատվեց»,- ասում է Տեր Հովհաննեսը: Մինչ այդ ընտանի կենդանիները մտել են եկեղեցու տարածք եւ վնասներ հասցրել:

Նշենք, որ Դադին Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից էր, նրա մասունքներն ամփոփված են վանքի տարածքում:

Arcax_6

«60-70-ական թվականներին նա գալիս է այստեղ` քարոզելու Տիրոջ խոսքը: Ժողովուրդն անհավատ էր, չընդունեց Դադիին եւ քարկոծելով սպանեց: Քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու ժամանակ այստեղ կառուցում են մատուռներ` փոքրիկ, բազիլիկ եկեղեցիներ: Դադիվանքը գոյություն ունի առաջին դարից»,- պատմում է է վանահայրը:
Հիմա Դադիվանքի տարածքը մաքուր է եւ խնամված, բայց վերականգնողական աշխատանքներն առջեւում են: Տեր Հովհաննեսի խոսքով` ընդամենը 3 տարի հետո Դադիվանքը կվերագտնի իր ճարտարապետական ողջ հմայքն ու հոգեւոր անգնահատելի նշանակությունը:


ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»
20.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031