Բեռլինաբնակ դերասան եւ երաժիշտ Ստեփան Գանտրալյանը՝
«դրսում» ապրելու դժվարությունների մասին
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի առիթով Երեւանում էր բեռլինաբնակ մեր հայրենակից Ստեփան Գանտրալյանը, որը դերասան է, երաժիշտ, ու ինչպես «Առավոտի» հետ զրույցում ինքն է ասում՝ տարբեր բաներով է զբաղվում: Գերմանիայում էլ աշխատակցում է մի շարք ռադիոկայանների՝ Norddeutscher Rundfunk, Deutschlandradio Kultur եւ այլն:
Ստեփան Գանտրալյանը դստեր՝ Անուշ Սիմոնի հետ նկարահանվել է Բեռնար Մանժանտի «Ճանապարհորդություն Անատոլիայում» ֆիլմում, որը վերջերս ցուցադրվեց երեւանյան փառատոնի օրերին: Մեր զրուցակիցը պատմում է. «Ֆիլմը նկարահանվել է անցյալ տարի սեպտեմբերին: Երեւանում՝ «Շիրակ» հյուրանոցում հանդիպում ենք, ապա ավտոբուսը շարժվում է: Այնտեղ 7 հայեր են, որոնց նախնիները ցեղասպանության վերապրածներ են: Մենք ճամփորդում ենք՝ Վրաստանով, Ախալքալաք, Ախլցխա, ապա՝ Կարս, Անի, Վան, վերջին կետը Վարագավանքն է: Ցավոք, Մուշ, Սասուն չհասանք, Տիգրանակերտ էլ չհասանք, որովհետեւ այնտեղ պատերազմական գործողություններ էին: Ֆիլմի համար հսկայական նյութ էր հավաքվել, բայց պատվերը ARTE ֆրանսա-գերմանա-ավստրիական հեռուստաալիքից էր, որի պահանջով էլ ֆիլմը պետք է չգերազանցեր մեկ ժամը: Ինչպես արդեն նշեցի՝ 7 հայեր էին, մեկը դուստրս է՝ Անուշ Սիմոնը: Ռեժիսորն անպայման ուզում էր, որ հայր ու որդի կամ հայր ու դուստր լինեն, այսինքն՝ տարբեր սերունդներ: Անուշը Դյուսելդորֆում է սովորում, վերջին 15 տարին ապրում է Գերմանիայում: Ինձ էլ էր հուզում՝ արդյոք իրեն հետաքրքի՞ր էր այս թեման, քանի որ նման սուր թեմաներով երբեք չենք առնչվել: Ու ես կասկածում էի, թե թեման իրեն կհետաքրքրի: Երբ ինքը համաձայնեց ռեժիսորի հետ մեկ հեռախոսազանգով պայմանավորվելուց հետո, զարմացա…Ինքը 7 տարեկանից գնացել է եւ կարծես ինքնության հետ կապված ոչինչ չկա, թեեւ իհարկե՝ կա, ինքս ավելի շատ հայկական համատեքստում եմ ապրում, քան եվրոպական…Շատ ուրախացա, ասես հայր ու դուստր երկրորդ անգամ հանդիպած լինեինք»:
Ստեփան Գանտրալյանը խոսելով դստեր մասին՝ հավելում է. «Ինքը Անուշ Սիմոն չէր, ինձ նման Գանտրալյան էր՝ Հայկանուշ Գանտրալյան, հետո մտածեց, որ անունը պետք է փոխի, որպեսզի ավելի բարեհունչ լինի եվրոպացիների համար: Երկու տարի սգի մեջ էի, հետո հասկացա, որ իմ ցանկությունն է, որ այնպես լինի, որ նախ իր համար լավ լինի, այլ ոչ թե իմ: Դուստրս ասաց՝ սա ցույց չէ քո դեմ, այլ պարզապես ուզում եմ, որ եթե աշխատանքի համար դիմեմ, ինձ գոնե հիշեն ու առաջին հարցազրույցին կանչեն: Ես սկզբում չընդունեցի իր այդ պատասխանը, բայց հետո ինքս էլ համոզվեցի, թե ինչպես հաճախ աշխատանքի համար դիմելիս, հենց անուն-ազգանվան համար կարող է մարդուն չկանչեն»:
Դառնալով «Ճանապարհորդություն Անատոլիայում» ֆիլմում նկարահանված մյուս հայերին, բեռլինաբնակ մեր հայրենակիցը նշեց. «Այս ֆիլմում տարբեր հայերի հանդիպեցինք՝ մեկը Ռեյմոնդ Գեւորգյանն է, Փարիզի ամենահայտնի ցեղասպանագետը, անվանի պատմաբան, աղջիկներից մեկը Ստրասբուրգի քաղաքապետարանում է աշխատում, Ժանը կիսով չափ հայ է: Իմիջիայլոց, Ժանի պապն ու պապի հայրը Վանի պաշտպանության ժամանակ կարեւոր առաքելություն են իրականացրել: Այդ պատմությունն ինքն իմացավ ֆիլմի նկարահանումների ժամանակ, մյուս աղջիկը Ստամբուլից էր, կային նաեւ երիտասարդ ամուսիններ Երեւանից»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը իր մասին էլ պատմեց՝ ինչ էր անում Հայաստանում մինչեւ Եվրոպա մեկնելը եւ ինչերի միջով է անցել. «Ավարտել եմ երջանկահիշատակ Արման Մանարյանի կուրսը, Հենրիկ Մալյանն ամբիոնի վարիչ էր ինստիտուտում, Յուրի Էլոյանը դերասանի վարպետություն էր դասավանդում, իսկ Տիգրան Մանսուրյանը՝ երաժշտական ձեւավորում… Երկրորդ անգամ սովորել եմ Երեւանի ազատ հումանիտար համալսարանում, այնտեղ ուսանող եմ եղել Էդմոն Ավետյանի, Աթայանի եւ էլի շատերի…Մեր լավագույն գլուխներն էին ու ափսոս՝ համալսարանը շատ կարճ կյանք ունեցավ: Բախտս բերեց, որ ոչ թե Մարքսիզմ-լենինիզմի սկզբունքներով սովորեցի, այլ Երեւանի ամենապայծառ դասախոսների «ձեռքի տակ» նոր գիտելիք հավաքեցի: Կարծեմ՝ հենց Էդմոն Ավետյանն էր ասում՝ մենք ոչ թե գիտելիք ենք տալիս ձեզ, այլ գիտելիքի հետ վարվելու ձեւն ենք սովորեցնում: Հիշում եմ Լուիզա Սամվելյանի հետ վերջին հանդիպումները, ինչպես էր տպավորվել իմ «Եռագույն տեսիլք» ներկայացումով: Այդ տարիներին դեռ Սովետական միության կազմում էինք, բայց զարթոնքի տարրեր կային: Ի դեպ, երբ Լուիզա Սամվելյանն իմացավ, որ պետք է գնամ Եվրոպա, ասաց՝ պատկերացրու, որ Եվրոպան մի հսկա գրադարան է, եթե դու գիտես, թե այդ գրադարանի որ դարակից որ գիրքն ես վերցնելու՝ գնա, թե չէ՝ կկործանվես: Ես միշտ հիշել եմ նրա այդ խոսքերը:
Շատ բարդ է, երբ ուրիշ պատրանքներ ունես, բայց դառն իրականության հետ առերեսվում ես, ու քիթդ քարին է քսվում: Հայաստանում դու ինքնության խնդիր չունես, իսկ դրսում մշտապես ինքնության խնդիր կա: Պահ է գալիս, որ այն դառնում է քո անձի կենտրոնը, միակ կիզակետը, ինչի վրա դու խարսխում ես մնացածը: Թող պաթետիկ չհնչի, բայց հայրենասիրությունը ձեւեր է փոխում: Դու զգում ես, որ ապրում ես այլ իրականության մեջ, մինչդեռ քո իրականությունը լրիվ ուրիշ տեղ է: Ահավոր բարդ էր, երբ 36 տարեկանում գնացի Եվրոպա, դրանից առաջ երկու համալսարան էի ավարտել, Փոսի թատրոնում ավելի քան 10 տարի աշխատել էի, վերջին ներկայացումը Խոդիկյանի «Հետ չնայես» պիեսի հիման վրա էր բեմադրված… Մեծ խնդիրների ու ինտրիգների միջով անցնելով՝ մտածեցի, որ եթե քիթս քարին է քսվում, թող գոնե դրսում քսվի, ծանր է, երբ քո երկրում է դա լինում:…Հիմա էլ չգիտեմ՝ որն է ճիշտը՝ մնայի այստեղ՝ դառնայի իմ շատ կոլեգաներից մեկը, թե լինեի «դրսում», բայց մի օր վերեւում, մի օր՝ ներքեւում, աշխատեի եւ չաշխատեի: Ես աշխատել եմ ամեն բնագավառում, թատրոնում՝ դերասան: Մինչեւ Մեքսիկա եմ հասել՝ Սերվանտինո փառատոն, Բրեխտ եմ խաղացել:
Իհարկե, մեծ դերեր չեն եղել, ընդ որում, եթե մի օր Բրեխտ էի խաղում, հաջորդ օրը հայկական երկու աստղանի հյուրանոցում աշխատում էի որպես բարապան: Աշխատել եմ գիշերներ շարունակ, առանց հանգստյան օրերի, պատահել է 5-6 հերթափոխով: Դրանից հետո էլ Քյոլնի ամենամեծ թաղամասերից մեկում թերթ էի բաժանում, իսկ շաբաթական երկու օր գնում էի մաքրելու մի պարսիկ կնոջ շքեղ կրպակը: Ինքն ասում էր, որ ես դանդաղ եմ աշխատում, բայց շատ մաքուր…Այդ բաները Գորկու ասած կյանքի համալսարաններն են»:
Ստեփան Գանտրալյանը որոշել է գիրք գրել՝ երեք սերնդի մասին է, հայերի մասին, ասում է՝ իր բոլոր պապերը ցեղասպանություն են ապրել: Ասում է՝ չի ուզում կտրել ինքնության արմատը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի:
«Առավոտ»
20.07.2016