Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանը, որ ինձ վրա քար նետեց՝ ես չնետեցի». Նիկոլ Փաշինյանը խոսում է իր օրինակով

Հուլիս 20,2016 23:59

Էրեբունի ՊՊԾ գնդի մոտ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ ծավալված լարվածության ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանդարտեցնող կոչն ընդհատվեց ցուցարարների շարքերում գտնվող անձի ոչ վայելուչ պահվածքի հետեւանքով, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նկատեց.

«Տեսե՛ք, սադրիչներն արագ, շատ արագ բացահայտվեցին: Ալկոհոլ օգտագործած մարդ չպետք է լինի, ամենամեծ երաշխիքը, որ այն կողմի վրա գրոհ չլինի, նոր ոստիկաններ չեն զոհվի, «Սասնա ծռեր» տղերքին բան չի պատահի, որ ժողովրդի այստեղ կանգնելու հնարավորություն կունենա: Իրենք ի՞նչ են ուզում անել, որ այստեղ հավաքվել են խուլիգաններ, ուզում են քարերով խփել եւ այս պատնեշը առաջ տանեն եւս մեկ կիլոմետրով: Այստեղ նոր զոհ չպետք է լինի, այստեղ ավտոմատներով չպետք է կրակեն, այստեղ ՀՀ քաղաքացի չպետք է զոհվի»,-ասաց պատգամավորը՝ հարցնելով ցուցարարներին, որ համաձա՞յն են արդյոք ամեն ինչ անել, որ այդպես չլինի: Ավելացրեց նաեւ, որ եթե նույնիսկ ոստիկանները ձեր վրա քարեր նետեն, դուք քար չնետեք. «Ես ինչ արեցի՝ ոստիկանը, որ ինձ վրա քար նետեց՝ ես չնետեցի եւ եթե մենք այստեղ չլինենք, ապա կոտորած է լինելու, կոտորած:

Նիկոլ Փաշինյանի խոսքի ժամանակ ցուցարարներից ոմանք աղբամաններից բարիկադ էին կառուցում, որի անհրաժեշտությունը, ըստ պատգամավորի՝ չկար: Նա նաեւ հանդարտեցնող կոչեր էր անում եւ շեշտում, որ ոստիկաններին գործողություն անելու հնարավորություն չտան՝ ցույցը պետք է լինի խաղաղ:

Այդ ժամանակ պատգամավորը կապ հաստատեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մեկի հետ եւ համոզվեց, որ ներսում եւս ամեն ինչ խաղաղ է եւ սադրիչները ցուցարարների մեջ են, որոնք ապակողմնորոշում են մնացյալ խաղաղ ցուցարարներին:

Պատգամավորն իր խոսքը ամփոփեց. «Ես ինքս ինձ չեմ ների, երբ Պավլիկ Մանուկյանի գլխից մի մազ պակասի, բայց, ես ինքս նաեւ ինձ չեմ ների, եթե մի մազ պակասի նաեւ Վալերի Օսիպյանի եւ Վարդան Եղիազարյանի, ինչպես նաեւ Վարուժան Ավետիսյանի գլխից: Այստեղ ոչ միայն այդ քաղաքացիների հարցն է լուծվում, այլեւ՝ Հայաստանի Հանրապետության, մեր ապագայի: Հայաստանը չի լինելու այնպիսի երկիր, որտեղ քաղաքացիներին շարունակաբար կոտորեն: Մենք իրար հետ միասին դա թույլ չենք տալու, ժողովուրդ: Խոստանանք իրար, որ դա թույլ չենք տալու»,-ասաց պատգամավորը, որին ի համաձայնություն «այո» բղավեցին հավաքվածները:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031