Այսօր Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որի մասնակից ընտանիքների քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է երեքով՝ հասնելով 22-ի, որոնց մի զգալի մասն առաջին անգամ է մասնակցում:
Երեկ երեկոյան մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը նրանց հետ հանդիպմանը ասաց, որ անձամբ շատ է ցանկանում, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցողներ ընդհանրապես չլինեն: Սակայն իրականությունն այլ է: Եվ քանի որ բոլորն էլ մեր հասարակության լիարժեք անդամ են, այս մրցույթի կազմակերպման նպատակը նրանց միավորելն է ու հավասար հնարավորությունների ընձեռումը:
Այսօր պայքարի մեջ ներգրավվեցին նաեւ անվասայլակով մեկ ծնող ունեցող ընտանիքները, որոնք ըստ երեխաների տարիքային խմբերի մրցեցին երեք մրցաձեւերում: Վաղը նրանք պայքարը կշարունակեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ