Ծաղկաձորի մարզաբազայում «Լավագույն մարզական ընտանիք 2016» եզրափակիչ փուլի մասնակից 144 ընտանիքները շարունակեցին պայքարը: Նրանք չորս տարիքային խմբերում մրցեցին երկու համալիր փոխանցումավազքերում՝ 30 մետր եւ 80 մետր, որոնց ընթացքում ընտանիքի անդամները վազքի հետ միասին պետք է հաղթահարեին նաեւ այլ արգելքներ:
Հարկ է նշել, որ պայքարը մասնակիցների միջեւ տարեցտարի ավելի հետաքրքիր է դառնում: Հատկապես այն ընտանիքները, որոնք նախորդ տարիներին էլ մասնակցել են եզրափակիչ փուլին եւ արդեն լավ են ճանաչում իրենց հիմնական մրցակիցներին, ժամանել են այս կամ այն վարժությունը (եթե դրանք պահպանվել են) ավելի արագ հաղթահարելու «նոր տեխնիկա» մշակած, որոնք ամբողջ ընտանիքով փորձարկում-հղկում էին մինչեւ իրենց հերթը կհասներ:
Նույն բանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց նաեւ գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը (նկարում). «Պայքարը տարեցտարի թեժանում է ու հաղթելը մասնակիցների համար դառնում է ավելի դժվար՝ մրցույթի «հնաբնակների» փորձառության հաշվին: Ճիշտ է, երբեմն լինում են նաեւ դժգոհողներ: Որտեղ պայքար կա, կա հաղթող եւ պարտվող: Ու դժգոհողները պարտվողներն են: Սակայն մրցավարները բոլորին էլ համբերատար բացատրում են մրցության կանոնները, որոնց պահանջները խախտվել են»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ