Նախկինում հայտնել ենք , որ «Սան հոլդինդ» ՍՊԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում գործող «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին հայց է ներկայացրել:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Սան հոլդինդ» ՍՊԸ-ն «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի հետ կնքել է բեռների փոխադրման պայմանագրեր, կատարել է պայմանագրով սահմանված փոխադրումը, սակայն բենտոնիտի կոմբինատը չի կատարել պայմանագրով սահմանված վճարումը: Հայցվորը դատարանին խնդրել է կոմբինատից հօգուտ «Սան հոլդինդ» ՍՊԸ-ի բռնագանձել 2 միլիոն 962 հազար 140 դրամ, որից 2 միլիոն 757 հազար դրամ գումարը՝ որպես պայմանագրով սահմանված, իրականացված բեռնափոխադրման համար վճարման ենթակա գումար, 55 հազար 140 դրամը՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 150 հազար դրամը` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության համար վճարված գումար , ինչպես նաեւ նշված 2 միլիոն 757 հազար դրամ գումարի վրա 2016թ. մարտի 22-ից մինչեւ պարտավորությունների ամբողջությամբ կատարման օրը հաշվարկվելիք, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները:
2016թ. հունիսի 17-ին «Սան հոլդինդ» ՍՊԸ-ն դատարան ներկայացված դիմումով հրաժարվել է հայցից:
Հուլիսի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանը նկատի ունենալով, որ հայցվորը հրաժարվել է հայցից, բացի այդ, «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. մարտի 21-ի վճռով ճանաչվել է սնանկ, վճռել է նշված քաղաքացիական գործի վարույթը կարճել:
Կարդացեք նաև
Խորհրդային տարիներին Իջեւանի բենտոնիտ կոմբինատում աշխատում էին հարյուրավոր մարդիկ, այն Իջեւանի շրջանի ամենահզոր ձեռնարկություններից էր: Հայաստանի անկախացումից հետո կոմբինատի սեփականատերերը մի քանի անգամ փոխվեցին, գործարանը փոքր հզորությամբ պարբերաբար գործում էր, արտահանում իրականացնում, սակայն ի վերջո սնանկ ճանաչվեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ