Հանրության ջանքերով դեռ հաջողվում է կասեցնել եղբայրասպան բախումը: Քաղաքացիները իրենց վրա վերցրեցին ոստիկանության զայրացած հարվածը՝ ենթարկվեցին ծեծի, խոշտանգումների, նվաստացումների, ձերբակալությունների եւ հետապնդումների, սակայն իրենց մարմիններով շարունակում են զսպել արնախում գործողությունները:
Սերժ Սարգսյանը այս ճգնաժամային իրավիճակում գործում է հանրությունից գաղտնի: Առայսօր չեն գումարվել Անվտանգության խորհրդի, կառավարության եւ Ազգային Ժողովի արտահերթ նիստեր, իսկ ՀՀ Նախագահին կից Հանրային խորհուրդը իր նիստը անցկացրել է փակ դռների հետեւում:
Պետության բարձրագույն ղեկավարները ստեղծված իրավիճակում անձնական պատասխանատվությունից խուսափելու համար ժողովրդի հետ շփման մեջ է միայն ոստիկանության ծառայողների միջոցով, որոնց քաղաքացիների դեմ ուժ գործադրելու իրավունքը ոչնչով սահմանափակված չէ: Նման պայմաններում երաշխավորված չեն մարդու կյանքի, առողջության, անձնական անձեռնմխելիության եւ ազատության իրավունքները:
Սերժ Սարգսյանը իր պաշտոնը ստանձնելիս Աստծո և ժողովրդի առջև երդվել է անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը: Այդ երդումը հարկադրում է նրան այսօր անձամբ հանդիպել Խորենացի փողոցում հավաքված քաղաքացիների հետ և բացատրություններ տալ, թե ինչու մեր երկրում անհնար է դարձել ապահովել անվտանգությունը առանց մեր հայրենակիցների արյունը թափելու: Հասունացել է պահը խոսել դեմ առ դեմ ողջ ժողովրդի առջև:
Կարդացեք նաև
«Ոտքի՛ Հայաստան»