Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա էլ ովքե՞ր են հերոսներ` Մանվե՞լը, Սեյրանը». Վահան Արծրունի

Հուլիս 20,2016 18:55

«Եթե Ժիրայր Սէֆիլյանը, ազգային հերոս լինելով, այս որակական նիշի վրա կանգնած տղերքը, որոնց ազգն ընդունել է`որպես ազգային հերոս, պատմական իրադարձությունների որոշակի գնահատականների ներքո որակվեն որպես տեռորիստ, ապա ո՞վ է ազգային հերոսը` Մանվե՞լը, Սեյրա՞նը»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը վրդովվեց երգահան Վահան Արծրունին:

Ըստ նրա` «Սասնա ծռերի»` նման արմատական քայլերի դիմելու որոշումը ձևավորվել է երկար տարիների ընթացքում` մեր աչքի առաջ. «Որևէ մեկն ի զորու չէ գնահատել ու որակավորել «Սասնա ծռերին»: Նրանց կորակի ժամանակը, մեր նորագույն պատմությունը պետք է ճիշտ ու արդար գնահատական տա այս օրերին»:

Վահան Արծրունին նաև շեշտեց, որ եթե երկրում արտակարգ դրություն հայտարարված չէ, ոչ մեկ իրավունք չունի խոչընդոտելու քաղաքացիների` ազատ արտահայտվելու և տեղաշարժվելու իրավունքը:

Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը մտահոգություն հայտնեց, որ ժողովրդի ծառաները, ի դեմս կառավարության և մյուս կառավարող մարմինների,  ժողովրդին մատնել են անտերության:

Նա կատեգորիկ դեմ է, որ «Սասնա ծռեր» խմբավորման տղաներին ահաբեկիչ անվանեն. «Դեռ ոչ մի բան պարզված չէ, բայց այս տղաներին անվանում են տեռորիստ առանց հասկանալու, որ տեռորիստը նա է, որ արդարության ոչ մի սպասելիք չունի: Նրանք հայրենասեր տղաներ են, շնորհիվ նրանց արյան ու զոհերի` շատերը պաշտոնի են նստած ու կերակրատաշտից օգտվում են, հետո էլ անպատասխանատու հայտարարություններ անում»:

Բանաստեղծ Դավիթ Գասպարյանը փաստեց, որ մեր հասարակությունը ծայրահեղ լարված վիճակում է, ինչը բխում է սոցիալական անհավասարությունից, մեր ժողովրդի մեջ կուտակված զարհուրելի դժգոհությունից, հայրենիքից հեռանալուց, մինչդեռ երբևէ պետական մակարդակով քննարկման չդրվեց այս հարցը:

Դառնալով Ժիրայր Սեֆիլյանին` գրականագետն ասաց. «Ժիրայրը ազգային հերոս է: Նա կռվել է Ղարաբաղում,  հաղթանակ տարել, ապահովել առաջընթաց, մենք ինչպե՞ս ենք վարվում մեր հերոսների հետ: Սամվել Բաբայանը հերոս մարդ էր, տարանք Շուշիի բանտում նստացրինք, հիմա  Ժիրայր Սեֆիլյանին ենք նստացրել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031