Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդում ՔԱԳՎ նոր ղեկավարի հետ քննարկել են քաղավիացիայի խնդիրները

Հուլիս 20,2016 17:58

Հանրային խորհրդում այսօր` հուլիսի 20-ին, տեղի է ունեցել հանդիպում ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանի հետ:

Հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը, ենթահանձնաժողովի անդամներ, ավիատորներ:

Հանդիպման սկզբում Վազգեն Մանուկյանը նշել է, որ քաղավիացիայի խնդիրներն ի սկզբանե դրված են եղել Հանրային խորհրդի օրակարգում և ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվել ամենաբարձր մակարդակներով:

Անդրադառնալով քաղավիացիայի ոլորտում անվտանգության, բարձրակարգ սպասարկման, տոմսերի գների հասանելիության, երկրում ֆինանսական հոսքերի ապահովման և այլ խնդիրներին` Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ այնուամենայնիվ, ավիացիան չպետք է դիտարկել զուտ որպես բիզնես, քանի որ այն հատկապես Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Այս համատեքստում քննարկվել է Հայաստանում ազգային ավիացիայի ստեղծման անհրաժեշտությունը, որը որպես խնդիր պետությունն իր առջև պետք է դնի նախ և առաջ ազգային անվտանգության տեսանկյունից:

Այս առումով կարևորվել են պետության մասնակցությունը ազգային ավիաընկերության ձևավորման գործին, օրենսդրական դաշտի բարեփոխումները, պետական երաշխիքների տրամադրումը, ներդրումների համար գրավիչ բիզնես միջավայրի ապահովումը և այլն:

Սերգեյ Ավետիսյանը համակարծիք է եղել ազգային ավիափոխադրող ունենալու անհրաժեշտությանը` միաժամանակ նշելով, որ ազգային ավիացիայի ստեղծումը, պահպանումն ու զարգացումը լուրջ խնդիր է ողջ աշխարհում: Առհասարակ, նա ավիացիան համարել է չափազանց բարդ և մրցակցային շուկա, որտեղ լուրջ պայքար է ընթանում ոլորտում հաստատուն մնալու համար:

Քննարկվել են նաև բաց երկնքի քաղաքականությունը, դրա արդյունքներն ու հետևանքները Հայաստանի ավիացիոն ոլորտի վրա, ներկա խնդիրներն ու մարտահրավերները:

Առանձին քննարկման թեմա է եղել փոքր ավիացիան: Ներկաները քննարկել են ներքին թռիչքները վերականգնելու, փոքր օդանավակայանները զարգացնելու հնարավորությունները: Սերգեյ Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել այս հարցի շուրջ առանձին հանդիպում ունենալ Հանրային խորհրդում և մանրամասն քննարկել ոլորտի զարգացման հեռանկարները:

ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթհանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը Սերգեյ Ավետիսյանի ուշադրությունը հրավիրել է ենթահանձնաժողովի կողմից մշակված օդային օրենսգրքի նախագծի վրա: Վերջինս էլ հայտնել է, որ առաջիկայում վերանայվելու է ՀՀ ավիացիոն օրենսդրությունը, որի շրջանակներում հաշվի կառնվեն նաև օդային օրենսգրքի նախագծում տեղ գտած որոշակի դրույթներ:

Քննարկվել են նաև ավիատոմսերի գնագոյացման, անազնիվ մրցակցության բացառման, ավիացիայի ոլորտը ներդրումների տեսանկյունից գրավիչ դարձնելու, ավիացիոն ենթակառույցները զարգացնելու և մի շարք այլ խնդիրներ:

Ամփոփելով քննարկումը` Վազգեն Մանուկյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման և հետագա փոխգործակցության պատրաստակամության համար:

Սերգեյ Ավետիսյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել հանդիպման կազմակերպման համար և նշել, որ Հանրային խորհրդում ընդգրկված ոլորտի փորձառու մասնագետները կարող են իրեն ուղղորդել ու աջակցել Հայաստանում քաղավիացիան զարգացնելու գործում` ընդգծելով, որ ոլորտը բարդ է, նուրբ ու առանձնահատուկ:

 

Հանրային խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031