Այսօր ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորությանը մասնակցում էին ոստիկանության աշխատակիցներ, բազմաթիվ ազատամարտիկներ: Կոտայքի տարածքային բաժանմունքի փոխնախագահ, Վանոյանի մարտական ընկերը՝ ազատամարտիկ Մելիքսեթ Մանուկյանը՝ Դուշման Մելո մականունով, ասաց, որ ստեղծված իրավիճակում սխալը երկկողմանի է. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ էլ ուզում: Որպես ազատամարտիկ կուզենայի, որ էս հողերը հետ չտայինք, վսյո՛: Մեր արյուն թափած տղերք կան, նույնն էլ Արթուրն է, էլի նույն էս պատմության մեջ է: Թե այն տղաների նպատակն ինչ էր, Ժիրոյին պիտի չձերբակալեին նաղդ առաջին հերթին: Ժիրայր Սեֆիլյանն իմ հրամանատարն է եղել, եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը: Դա մեծ բան է, որ Լիբանանից եկել է, մինչեւ հիմա հլը իրան քաղաքացիություն չեն տալիս: Կապված է այս քաղաքականության եւ իշխանության հետ: Ես ոչ մի բան չեմ կարա ասեմ, թե ինչի են իրեն մի ամիս առաջ այս ձեւով ձերբակալել»:
Մեր հարցին՝ այսինքն, Դուք գտնում եք, որ ելք չկա՞ր, ճանապարհը սա՞ էր՝ նա պատասխանեց. «Եթե անմեղ զոհեր ենք տալիս, ուրեմն վսյո: Էլ չեմ ուզում խոսել»:
Նա ասաց, որ գնդապետ Վանոյանը «այնպիսի անձնավորություն է եղել, որի ասած բառը հարգվել է բոլորիս կողմից»:
Հարցին՝ լավ, Դուք կարծում եք, սա՞ էր իշխանափոխության ճանապարհը, սա լավագո՞ւյն տարբերակն էր՝ նա պատասխանեց. «Իրանք թող մտածեն: Ես, որպես ազատամարտիկ, չեմ մտածում, որ Ջաբրայիլի 12-ից մինչեւ 16-ը, Մատաղիսի 74-78 պոստը, Թալիշի պոստերը որ տվել ենք՝ ինչի համար ենք տվել: Սա պատահական չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ