Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ օրիգամիի հավաքածուի, խաղաղության լապտերների և կռունկների ցուցադրություն՝ ի հիշատակ Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ռմբակոծմանը: Միջոցառումը կազմակերպվել էր «Հիկարի» հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնի հետ համատեղ: Ցուցադրվող նմուշները Գեղագիտության ազգային կենտրոնին կից «Հիկարի» կենտրոն հաճախող հայ երեխաների ձեռքի աշխատանքներն էին:
Իր խոսքում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ողջունեց կազմակերպիչներին, հյուրերին և ցուցադրված գործերի հեղինակ – երեխաներին, ասելով. «Այսօր մեզ հնարավորություն է ընձեռվել հարգանքի տուրք մատուցել տասնյակ հազարավոր այն մարդկանց, ովքեր զոհվեցին1945թ. օգոստոսի 6-ին և 8-ին Ճապոնիայում: Մենք հայտնում ենք նաև մեր խորը հարգանքը բոլոր նրանց, ովքեր փրկվեցին ռմբակոծությունից, սակայն ստիպված եղան կրել դրա ծանր հետևանքները»:
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Էյջի Տագուչին իր երախտագիտությունը հայտնեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին այս գեղեցիկ միջոցառումը հյուրընկալելու համար՝ նշելով, որ ՄԱԿ-ը մշտապես եղել է Ճապոնիայի ժողովրդի կողքին իրականացնելու միջուկային զենքից զերծ աշխարհ կառուցելու նրանց տեսլականը:
Կարինե Փիլիպոսյանը, «Հիկարի» կենտրոնի նախագահը, դիմեց ներկաներին՝ երախտիքի խոսքեր հայտնելով ՄԱԿ-ի գրասենյակին այս միջոցառումն արդեն 3-րդ անգամ իր հարկի տակ հյուրընկալելու համար: «Սկսած 2005 թ. «Հիկարի» կենտրոնը իրականացնում է «Խաղաղության լապտերներ» խորագրով ծրագիրը: Արդեն 12-րդ տարին է, որ հայ երեխաների ձեռքերով նկարազարդված բազմաթիվ լապտերներ ուղևորվում են Ճապոնիա՝ օգոստոսի 6-ին Հիրոսիմայում ատոմային ռմբակոծման անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությանը մասնակցելու համար: Եվ ամեն տարի նկարազարդման աշխատանքների ավարտին «Հիկարի» կենտրոնը իրականացնում է լապտերների հրաժեշտի միջոցառում՝՝ կարևորելով ինչպես երեխաների ջանքներն ու մասնակցությունը, այնպես էլ աշխարհում խաղաղության գործի պահպանմանն ուղղված նրանց ազնիվ մղումները»,- ասաց նա:
Իր խոսքում, Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Հրանտ Պողոսյանն իր խորին գնահատանքը հայտնեց «Հիկարի» կենտրոնին նախաձեռնության ու ջանքերի համար և խոստացավ, որ ինքն անձամբ այդ ձեռագործ գեղեցիկ լապտերները կտանի Ճապոնիա՝ Հիրոսիմայի խաղաղության հիշատակման արարողությանը:
Յուրաքանչյուր տարվա օգոստոսի 6-ը Ճապոնիայում հանդիսավոր արարողությամբ հիշատակվում է Հիրոսիմա քաղաքի ռմբակոծման տարելիցը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն արդեն մի քանի տարի է, ինչ ևս տեղական մակարդակով միանում է ոգեկոչման այս միջոցառմանը՝ նշելով այն որպես Խաղաղության հիշատակման օր՝ և հարգանքի տուրք մատուցելով այս ողբերգության զոհերին:
Մամուլի հաղորդագրություն