Սուրբ-Մանուկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մարտի 14-ին ՀՀ քաղաքացիներ Վալտեր Կավալյանի եւ Արման Դանիելյանի հետ նախնական համաձայնության գալով՝ Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտակայքում Դեբեդ գետով ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ մուտք գործել Վրաստանի Հանրապետության տարածք, որից հետո նրանք բռնվել են Վրաստանի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցների կողմից:
Բացի այդ, 2015թ. մարտի 25-ին նա Վալտեր Կավալյանի հետ նախնական համաձայնությամբ, նույն վայրով եւ նույն եղանակով Վրաստանի տարածքից ապօրինի հատել է Հայաստանի սահմանը եւ անցել ՀՀ տարածք: Սուրբ-Մանուկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով եւ երկու դրվագով՝ 329 հոդվածի 2-րդ մասով:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Սուրբ-Մանուկ Հովհաննիսյանը կալանավորված է: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ