Վերջերս «Իզվեստիայի» «դիվանագիտական աղբյուրները» հայտնել էին , թե Կրեմլի միջնորդությամբ ընթացող ղարաբաղյան կարգավորումը ակտիվ կերպով է առաջ շարժվում: Ըստ այդմ` ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ ղարաբաղյան կարգավորման վրա եւ ռուսական ծրագիրը նաեւ նախատեսում է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ` հայ-թուրքական սահմանների ապաշրջափակում: Ռուսաստանը նման ծրագրեր կարո՞ղ է ունենալ, «Առավոտը» հարցրեց` ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվգենի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովին:
«Այդ ամենը շատ ֆանտաստիկ է թվում, որպեսզի իրականություն դառնա: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանների ապաշրջափակո՞ւմ: Դրան կարող է հավատալ իրականությունից ամբողջությամբ կտրված երազողը: Կրկնում եմ մեկ անգամ եւս` բանակցային գործընթացը վաղուց է փակուղի մտել, կողմերի դիրքորոշումները շարունակում են իրարամերժ մնալ` ռազմական լարվածության եւ փոխադարձ թշնամության մեծացման ֆոնին: Անկարան, ինչպես եւ Բաքուն, համարում են, որ Ադրբեջանին «գրավյալ բոլոր տարածքների» վերադարձը խնդրի միակ լուծումն է: Ավելին`ղարաբաղյան խնդիրը Անկարան օգտագործում է ընդդեմ 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իր քաղաքականության:
Հիմա իրավիճակն այնպիսի փուլում է, երբ չկան որեւէ պայմաններ բանակցությունների եւ փոխզիջումների գնալու համար: Որպեսզի նորից այդ գործընթացը վերագործարկվի` ոչ պատրանքային, այլ իրական, անհրաժեշտ է ապահովել իրական հրադադար` արդյունավետ մոնիտորինգի մեխանիզմներով շփման գծում: Այն պայմաններում, երբ շփման գիծը վաղուց վերածվել է ճակատի` ինչ-որ մոդելների մշակումն անիմաստ է», նկատեց մեր զրուցակիցը:
ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվգենի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կռիլովի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք հուլիսի 21-ի տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ