Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայհոյանք եւ նետվող քարեր». Աշոտ Ահարոնյանը` Սարի թաղի միջադեպի մասին

Հուլիս 20,2016 16:35

«Վերջին օրերին ոստիկանություն բերման ենթարկված ակտիվիստների թիվն այս պահին ոստիկանությունը չի կարող հայտնել, տվյալները հաշվվում են եւ առաջիկայում կտրվեն բոլոր հարցերի պատասխանները. վստահեցնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Նման ծավալի դեպքերի ժամանակ աննախադեպ է նաեւ մեր աշխատանքը, ուստի անհրաժեշտ է որոշակի ժամանակ»,-Ոստիկանության լրատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսից հետո ասաց նա: Լրագրողները խնդրեցին մեկնաբանել երեկ Սարի թաղում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումը` ակնարկելով, որ բնակիչների զայրույթը, փաստորեն, կոմունալ խնդիրների հետ է կապված եղել: Տեղեկություններ կային, որ արդեն երեք օր է` բնակիչներն էլեկտրականություն եւ գազ չունեն, կա նաեւ ինտերնետ-կապի խնդիր:

«Տեսանյութը դիտել եմ, զազի հարց չեմ տեսել, տեսել եմ քար նետող մարդկանց, բայց ձեռնպահ կմնամ դեպքի մասին խոսելուց, քանի որ ՀՀ քննչական կոմիտեում կա գործ: Գազի եւ ջրի մասին խոսք չկար, տեսանյութում կային հայհոյանք եւ նետվող քարեր, ոստիկաններ եւ քաղաքացիական անձինք»,-ասաց Ահարոնյանը:

Հարցին` ինչու փաստաբաններին թույլ չեն տալիս ոստիկանության զորքերի զորամասում տեսակցել բերման ենթարկված իրենց վստահորդներին, նա այսպես արձագանքեց. «Ընդհանրական դժվար է պատասխանել, կոնկրետ անձի խախտման իրավունքի մասին պետք է խոսել: Իսկ տեսախցիկների ֆիքսած փաստերը կօգտագործվեն»:

Զավթված ՊՊԾ գնդի տարածքի` ոստիկանական ամենամեծ զորամասը լինելու տեղեկությունների շուրջ էլ Աշոտ Ահարոնյանն ասաց. «Տարածքների մասին ցուցանիշներ չունեմ ձեռքիս տակ»:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» հայտարարությանը, թե ՊՊԾ գնդում ավելի շատ զենք կա, քան սահմանին, Ահարոնյանի խոսքով. «Օրենսդրության մեջ գրված են այն զինատեսակները, որոնք կան ոստիկանության տրամադրության տակ: Դրանցից ավել չեն կարող լինել»:

Ահարոնյանը նաեւ վստահեցրեց, որ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն առաջիկայում եւս կհանդիպի լրագրողների հետ:

Ինչ վերաբերում է իրավապահների եւ «Սասնա ծռերի» միջեւ բանակցություններին, Ահարոնյանի խոսքով` դրանք ընթանում են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031