Հուլիսի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի աջակցությամբ՝ «Ապրել խաղաղ» նախագիծը և Hi-Am բարեգործական հիմնադրամը ներկայացրին «Ապրել խաղաղ» խորագրով համերգային ծրագիրը:
Միջոցառման ընթացքում հնչեցին բանակին, զինվորին և հայկական երկու պետության միասնությանն ու խաղաղությանը նվիրված երգեր, ինչպես նաև տեղի ունեցավ «Հերոս մարտիկ» երգի պրեմիերան` նվիրված ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին:
Ծրագրի նպատակն էր` ընդգծել հայրենիքի պաշտպանի առաքելության կարևորությունը, երախտապարտ լինել այն զինվորներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր երկրի և նրանց, ովքեր այսօր էլ ամուր կանգնած են հայրենիքի սահմաններին:
«Հերոս մարտիկ» երգի ընթացքում մեծ էկրանին ցուցադրվեցին բոլոր զոհված տղաների լուսանկարները, որի ժամանակ դահլիճը հոտնկայս ծափահարեց: Այս կերպ անհատապես ընդգծվում է քառօրյա պատերազմում զոհված զինվորների անմահ հիշատակի առջև հասարակության հարգանքը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կարևորում է նման նախագծերի իրականացումը` իրացնելով իր կարևոր նպատակներից մեկը` երգի միջոցով կրթել հասարակությանը, բարձրացնել հանրության հայրենասիրական ոգին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ