Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Եգորյան. Պետության դրական պարտավորությունն է չդիմել ծայրահեղ միջոցի

Հուլիս 20,2016 14:12

Փաստաբան Տիգրան Եգորյանը համարում է, որ ոստիկան Արթուր Վանոյանի մահվան հանգամանքի շոշափումը եւ շահարկումն անթույլատրելի է, քանի որ իրավական գնահատականի լուրջ խնդիր ունի: Այս մասին նա ասաց հուլիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Թե՛ մահվան հանգամանքի, թե՛ դրան նախորդող հանգամանքների վերաբերյալ իրավական փաստերը այս պահի դրությամբ բավարար չեն դատողություններ անելու համար: Այսօրվա դրությամբ անթույլատրելի է որեւէ փաստարկներ բերել, որովհետեւ դրանք կարող են առաջացնել ցանկալի կամ անցանկալի հակափաստարկներ, այլ հետեւանքներ, որոնք որեւէ կերպ այս պահին ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը չեն նպաստելու:

Հետեւաբար՝ դրանք աննպատակահարմար է քննարկել, առավել եւս՝ շահարկել՝ ստեղծելով հաշվեհարդար եւ վրեժխնդիր լինելու տրամադրություններ, պատվախնդրության նկատառումից ելնելով, որոնք, ցավոք, վերջին օրերին ոստիկանության ծառայողները զանգվածաբար սկսեցին դրսեւորել հասարակության անդամների նկատմամբ՝ ձերբակալությունների, բերման ենթարկումների, անմարդկային վերաբերմունքի, նվաստացուցիչ վերաբերմունքի եւ երբեմն խոշտանգումների հասնող դրվագներով»,- ասաց նա:

Տիգրան Եգորյանը համարում է, որ փորձ է կատարվում հոգեբանական նախատրամադրվածություն ստեղծել գրոհի այլընտրանք չունենալու վերաբերյալ, ինչն էլ, ըստ նրա, անթույլատրելի է. «Պետության դրական պարտավորությունն է սպառել խաղաղ հանգուցալուծման բոլոր միջոցները, եւ առանց անհրաժեշտության չդիմել ծայրահեղ միջոցի: Որովհետեւ այդ ծայրահեղ միջոցի արդյունքում, այդ բախման արդյունքում կյանքի եւ առողջությանը հասցված վնասների պատասխանատվությունը կրելու է պետությունը, որքան էլ որ հիմա փորձ է արվում պետության պատասխանատվությունը ի սկզբանե բարդել խմբի տղաների վրա: Այդ պատասխանատվությունը բախման դեպքում միանշանակ կրելու է պետությունը»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031