Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Եգորյան. Այս արարքները հնարավոր չէ որակել ահաբեկչություն

Հուլիս 20,2016 13:55

«Թե՛ ԱԱԾ-ն, թե՛ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, օրինակ՝ փոխոստիկանապետը այս օրերի ընթացքում կատարում են հայտարարություններ, որոնք իրավական տեսանկյունից չափազանց ոչ պրոֆեսիոնալ են, նաեւ իրավունքի խախտում են»,- հուլիսի 20-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նա նշեց, որ այդ հայտարարությունները չեն նպաստում իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը, չեն ցուցանում պետության կողմից այդ ուղղությամբ կատարվող գործողությունները եւ ստեղծում են նախատրամադրվածության իրավիճակ. «Ինչ վերաբերվում է ահաբեկչության հանցակազմին, ապա այսօրվա դրությամբ հանրությանը հայտնի որեւէ փաստ չկա, որը կարողանա ամբողջացնել ահաբեկչության հանցակազմը: Այդ հանցակազմի հիմնական բաղադրիչներն են քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանգամանքը, ինչպես նաեւ զինված ընդհարմանը ակտիվորեն չմասնակցող անձանց նկատմամբ իրականացված նույն գործողությունները, որոնք այս պահի դրությամբ հայտնի փաստերով չեն հաստատվում: Հետեւաբար այս արարքները ինչին ականատես է եղել հանրությունը, հնարավոր չէ որակել ահաբեկչություն: Եվ այսպիսի որակումները ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ են, իսկ պետական պաշտոնյաների համար՝ անթույլատրելի»:

Անդրադառնալով շենքեր, շինություններ զավթելու հանցակազմին՝ Տիգրան Եգորյանն ասաց, որ այս պահի դրությամբ առկա փաստերը մեզ հնարավորություն չեն տալիս այս գործողությունները որակել որպես շենքեր, շինություններ զավթելու հանցակազմ. «Արտաքուստ թվում է՝ ի՞նչ կասկած կարող է առաջանալ այդ առումով, չէ՞ որ գրավվել է, զավթել է ՊՊԾ գնդի զորամասը: Բայց պետք է մասնագիտական տեսանկյունից անդրադառնալ հանցակազմին, քրեական օրենսդրությանը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է՝ բացառապես այդ շենքերը, շինությունները ոչնչացնելու սպառնալիքն է ամբողջականացնում այդ հանձնակազմը: Նման սպառնալիք խմբի տղաների կողմից չի հնչել, նման սպառնալիքի մասին փաստ առկա չէ: Հետեւաբար՝ թեկուզ արտաքուստ կա շենքի գրավման փաստ, բայց հանցակազմի տեսանկյունից՝ դրա տարրերն ամբողջական չեն»:

Տիգրան Եգորյանն ասաց, որ այս պահի դրությամբ առանց բավարար տվյալների պատանդի կարգավիճակի մասին իրավական դատողություններ անել հնարավոր չէ. «Այս դատողությունները կարող են ջարդուփշուր լինել հետագայում այսօր այդ տղաների հետ զորանոցում գտնվող ենթադրյալ պատանդի կարգավիճակում գտնվող ոստիկանների ցուցմունքներով: Ես հիմա կոնկրետ այդ տարրերի մեջ չեմ ուզում խորանամ, բայց պատկերացրեք՝ քրեական իրավունքի մեջ քիչ չեն նման դեպքերը, երբ այդ ցուցմունքներով ձեռք բերված տվյալները ջարդուփշուր են անում նախնական իրավական որակումները: Մասնավորապես՝ այսօրվա դրությամբ առկա փաստերը հետեւյալն են՝ ենթադրյալ պատանդի կարգավիճակում գտնող անձանց կյանքին եւ առողջությանը սպառնացող որեւէ վտանգի մասին վկայող փաստ, հանգամանք եւ ապացույց չկա, փոխարենը՝ կա այդ անձանց մի մասին բաց թողելու վերաբերյալ փաստեր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031