Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անվանի պոետի, մեծ մտավորականի հիշատակը վառ կմնա մարդկանց սրտերում

Հուլիս 20,2016 13:27
Davit Hovhannes

Կյանքի 71-րդ տարում իր մահկանացուն կնքեց բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան):

Ծնվել է 1945 թվականի փետրվարի 17-ին, Երևանում: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Հովհաննիսյանի որդին է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում (մեկնակետը «Կայծ» թերթի խմբագրությունն էր), «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասավանդել Հայաստանի մի շարք բուհերում: 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է: 1980-1990 թթ. հայկական հեռուստատեսությունում վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը, ժողովուրդը շատ էր սիրում նրա «Կես ժամ Դավիթ Հովհաննեսի հետ» հաղորդաշարը: Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր:

Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, տպագրվել՝ 1965 թվականից: Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական ստեղծագործությունների և թարգմանական գործերի ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), որոնց թվում՝ «Երգերի պսակ» (1974), «Անցյալ կորուսյալ» (1979), «Նոր կյանք» (1983), «Տագնապներ» (1986), «Աղետի գոտի» (1989), «Տասնհինգ տարի անց» (1989), «Նոր քրոնիկոն» (2007), որի համար նույն տարում արժանացավ գրականության և հրապարակախոսության ոլորտում ՀՀ պետական մրցանակի, «Իմ առաջին գիրքը» (2013), «Անտիպ» (2015):

2015 թվականին բանաստեղծի 70-ամյա հոբելյանի առթիվ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակվեց բանաստեղծի ստեղծագործական հատընտիրը, որով ընթերցողը կարող է ծանոթանալ Դավիթ Հովհաննեսի ստեղծագործական շուրջ կեսդարյա կենսագրությանը: Այս նորընծա ժողովածուում նախնական տեսքով վերականգնված են ոչ միայն հեղինակի առանձին բանաստեղծություններն ու բանաստեղծական շարքերը, այլև ամբողջացվել են ժամանակին արդեն իսկ լույս տեսած ժողովածուները, լրացվել համատեքստից դուրս թողնված բանաստեղծություններով:

Դավիթ Հովհաննեսը թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծների: Ռուսերեն և անգլերեն լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում:

«Ես եղա մեկն այն սերնդից, որին անվանեցին արտասահմանյան դեսանտ՝ իջած հայ պոեզիայում»,-այսպես բնորոշեց իր մուտքը 60-ականների գրական ասպարեզ բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը՝ Երևանի պոետը կամ երգիչը (այսպես հենց ինքն էր իրեն անվանում):

Ժամանակին «Գլավլիտը» խոր գրաքննության է ենթարկել նրա գործերը՝ տպագրելով խեղաթյուրված, կրճատումներով, որովհետև դրանք հակասում էին խորհրդային տարիների գրական համայնապատկերին, այս կամ այն կերպ շեղվում էին պարագայական միօրինակություններից: «Ես 50 տարի հետո տպագրեցի «Իմ առաջին գիրքը»,- խոսելով այս մասին՝ փաստել է բանաստեղծը. «Բանաստեղծությունը ամենաանհասկանալի ծագումնաբանություն ունեցող երևույթներից է… Ես ասֆալտի վրա եմ ծնվել և մեծացել: Քաղաքի վայրենի շաչյունը, աղմուկը, բենզինը, ծուխը, մարդկանց խառնամբոխներն ազդել են ինձ վրա: Ես քաղաքին կապված եմ ատելության սիրով կամ սիրո ատելությամբ. և՛ ատում եմ, և՛ սիրում եմ, և չե՛մ կարող ապրել առանց նրա: Հենց իմ նկարագրած քաղաքն է դառնում իմ բանաստեղծության նյութը, և դրա համար իմ բանաստեղծությունը շատ ծանր է և դժվարամարս: Այն քնից առաջ կարդալու և բարձի տակ դնելու բանաստեղծություն չէ…»:
   Դավիթ Հովհաննեսի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 22-ին, ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

 

Կառավարական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031