«Սասնա ծռերի» այս քայլից տեղյակ չեն եղել շատերը։ Մասնավորապես նրանք, ովքեր «Նոր Հայաստան» շարժման շրջանակներում համագործակցում էին նրանց հետ, փողոց դուրս գալիս, պայքար մղում։ Օրինակ՝ «Ժառանգություն» կուսակցության անդամները, նաեւ այլ համակիրներ կամ աջակիցներ։ Ըստ Սեֆիլյանի՝ տեղյակ չի եղել նաեւ ինքը։
Ասում են՝ սա մեկ-երկու օրվա ընթացքում հապճեպ կայացրած որոշում է եղել։ Բայց մի կառույց կա, որ պետք է եւ պարտավոր էր տեղյակ լինել այս ամենից, դա ԱԱԾ-ն է։ Բայց ինչպե՞ս է ստացվում, որ ամիսներ շարունակ բոլորի հեռախոսազրույցները լսում էին, բոլորին հետեւում էին, ասում են՝ անգամ ԱԱԾ կամ ոստիկանության ծպտյալ գործակալներ են ներդրված եղել նրանց շարքերում, հետեւել են զօր ու գիշեր նրանց ամեն մի քայլին, բայց այս մասին չեն իմացել։
Ինչո՞ւ, այդ դեպքում, երբ Սեֆիլյանին բռնեցիք ու նստեցրիք՝ զենք-զինամթերք պահելու եւ զինված ապստամբություն կազմակերպելու կասկածանքով, զինամթերքն էլ հետը հայտնաբերեցիք ու առգրավեցիք, մի ամիս անց նրա ընկերները մի ամբողջ արսենալով մտան ու գրավեցին ձեր կարեւոր ռազմական օբյեկտներից մեկը։
Կամ՝ ինչպե՞ս ստացվեց, որ նույնիսկ գրոհի պահին չիմացաք այդ մասին ու չկարողացաք դեմներն առնել։ Նորքի «բանդայի»՝ շոուներով ու տեսարաններով հարուստ վնասազերծումը ձեր գործողությունը չէ՞ր։
Կարդացեք նաև
Սրանք հարցեր են, որոնց պատասխանը կցկտուր տվեց Հունան Պողոսյանը. «Բոլորիս գործողություններում էլ թերություններ տեսնում ենք, անթերի ոչ ոք չկա՝ մեզանից սկսած, ձեզանից վերջացրած։ Այս պահին, կարծում եմ, այդ հարցերին նպատակահարմար էլ չէ պատասխանել, որովհետեւ կան ավելի լուրջ թեմաներ»։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում