Երեքշաբթի լարված իրավիճակ էր նաեւ Սարի թաղում: Մասնավորապես lragir.am-ից տեղեկանում ենք, որ Սարի թաղի մի խումբ բնակիչների ցանկացել են միանալ եւ իրենց աջակցությունը հայտնել պայքարող քաղաքացիներին, սակայն ոստիկանները փակել են ճանապարհը եւ նրանց թույլ չեն տվել:
Ոստիկանները պատասխանում էին, որ եկել են իրենց անվտանգությունը ապահովելու համար: Ոստիկանների եւ Սարի թաղի բնակիչների միջեւ բախում է սկսվել. բնակիչները հարվածել են ոստիկաններին, նրանց վրա քարեր են նետել: Ինչից հետո ոստիկանությունը մի քանի անգամ օդ է կրակել: Կատարվածի ընթացքում ոստիկանները վերցրել են ներկա լրագրողներից մեկի տեսախցիկը, որը շուտով վերադարձրել են:
Կարդացեք նաև
Սարի թաղի բնակիչները աղյուսներով փակել էին ոստիկանների մեքենաների ճանապարհը. ոստիկանները ստիպված էին շրջվել եւ փոխել ճանապարհը:
Իսկ «Սիվիլնեթ»-ի տեսանյութում երեւում է, թե ինչպես են Սարի թաղի բնակիչները անվադողեր վառում: Նրանք մասնավորապես խնդրում են իրենց ճանապարհը բացել եւ զինված հարձակում իրականացրած անձանց ահաբեկիչ չանվանել:
«Կրակը վառել ենք, որ մոտիկ չգան ու չեն եկել, բայց որ մոտիկ էլ գային, մենք պատրաստել էինք շշերը, որ գցեինք մեջները ու կանեինք: Մեզ մոտ ո՛չ զենք է եղել, ո՛չ բան, մենք ոչ մի բան չենք արել նրան»,- ասում էին սարիթաղցիները՝ հավելելով, որ ոստիկանության հետ բախման արդյունքում իրենք վիրավորներ չունեն:
«Էս չստիկներով ու հացի դանակով կհաղթենք իրանց»,- ասում էին բնակիչները՝ պահանջելով իրենց ճանապարհը բացեն, որպեսզի կարողանան միանալ պայքարին. «Մեր հաջորդ քայլը լինելու ա «գռուզավիկ» մեքենաները բաց թողելը՝ ակերի տեղը էդ ամբոխի մեջ: Մեքենաները չենք ափսոսի, Սարի թաղում լիքը հին բան կա»:
Բնակիչները պնդում էին, որ այդպիսի գործողություններով իրենք պաշտպանում են իրենց տները. «Խի՞ ենք գնում սահման, մեր տունը պաշտպանելո՞ւ: Սրանք եկել հասել են մեր տուն արդեն, թուրքից բեթար են: Մենք ամեն կողմից պաշտպանված, Սարի թաղը ամեն կողմից պաշտպանված ա. էսի ապասնի քուչա ա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ