Լրահոս
Օրվա լրահոսը

Լիցքաթափելու իմ տարբերակը

Հուլիս 20,2016 10:00

Իհարկե, կողքից խորհուրդներ տալը հեշտ է, եւ քանի որ ես, բնականաբար, չեմ տիրապետում ողջ տեղեկատվությանը, իմ մոտեցումները կարող են թվալ միամիտ կամ անիրազեկ: Բայց հարյուրավոր մարդիկ իրավիճակից դուրս գալու ելքեր են առաջարկում, ես էլ իմ համեստ լուման եմ փորձում ներդնել այս գործում:

Ինչ կանեի ես, եթե լինեի ՀՀ նախագահ: Ես կխոսեի: Գլխավոր թեման, իմ կարծիքով, պետք է լինի ոչ այնքան հարձակումը ոստիկանական շենքի վրա, պատանդ վերցնելը եւ ոստիկանության գնդապետին սպանելը, այլ Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների ընթացքը: Ես ինչ-որ ձեւով կհասկացնեի Հայաստանի քաղաքացիներին, որ տարածք հանձնելու որեւէ մտադրություն չկա: Իհարկե, դա կարելի է փաթեթավորել այնպես, որ չխանգարի բանակցային գործընթացին. օրինակ՝ «մենք առայժմ շատ հեռու ենք…» եւ այլն: Էրեբունու դեպքերի մասին կասեի ընդամենը` «իշխանությունն ամեն ինչ անելու է խնդրի խաղաղ հանգուցալուծման համար»: Ոստիկանության անօրինությունների պահով էլ կասեի` «ես հանձնարարել եմ ոստիկանապետին ծառայողական քննություն անցկացնել եւ խստագույնս պատժել…»:

Մնացածը տեխնիկայի հարց է. գիտեմ, որ ԱԱԾ-ում նույնքան ազնիվ, հայրենասեր եւ, ի դեպ, նույնքան կռված մարդիկ են, որքան սխալ ճանապարհով գնացած տղաները, որոնց ազնվությանն ու հայրենասիրությանը նույնպես չեմ կասկածում: Կպայմանավորվեն. կարեւորն այն է, որ նախագահն այդ գործընթացին հրապարակավ քաղաքական աջակցություն ցուցաբերի:

Դա, բնականաբար, չի ապահովագրի մեր երկիրը նման միջադեպերի կրկնությունից: Եթե ճիշտն ասենք, ոչ մի բան չի ապահովագրի: Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իտալիայի, Ճապոնիայի փորձը ցույց են տալիս, որ անկախ զարգացածության աստիճանից, անկախ հասարակարգից՝ միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք ցանկանում են իրենց ճշմարտությունն ապացուցել զենքի ուժով: Բայց մի ցուցիչ, այնուամենայնիվ, կա:

Ենթադրենք, Սերժ Սարգսյանը վաղը հրաժարական է տալիս եւ նախագահ է դառնում Ժիրայր Սեֆիլյանը: «Սասնա Ծռերի» տղաները դատվելո՞ւ են, նստելո՞ւ են իրենց արածների համար: Եթե նստի, ասենք, Լիսկան` իր ամբողջ գերդաստանով (ինչին նրանք, իհարկե, միանգամայն արժանի են), բայց չնստեն այդ տղաները, ապա դա կապացուցի, որ կռիվն իրականում արդարության եւ օրինականության համար չէ, այլ նրա համար, թե ով իրավունք ունի բռնություններ գործելու, իսկ ով` ոչ:

Բայց ամենակարեւորն այն է, որ ստեղծվեն օրինական ուղիներ, որոնց միջոցով քաղաքացիները կարողանան ազդել ընդունվող որոշումների վրա: Էլի դառնալով այսօրվա դժգոհության գլխավոր պատճառին. մենք` Հայաստանի քաղաքացիներս, բոլոր հայերը մտավախություն ունեն, որ բանակցություններում քննարկվում է տարածքներ հանձնելու հարցը: Իսկ ավելի շատ անհանգստացած ենք նրանից, որ համապատասխան որոշում կարող է ընդունվել առանց մեր կարծիքը հարցնելու:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Սիրելի եւ յարգելի Արամ,

    Հասկանում եմ որ ամէն խելքը-գլխին մարդ ջանք է թափում որ տագնապը աւարտի առանց յաւելեալ արիւնահեղութեան, սակայն այստեղ կան հիմնական նկատողութիւններ:

    Առաջարկում էք որ Նախագահը պաշտօնապէս յայտարարի թէ հողային տարածք յանձնելու մտադրութիւն չունի:

    Սակայն ան ի՞նչ ստիպված է հերքելու բան մը որ… գոյութիւն չունի: Զրպարտող կողմին կը մնար ապացուցել որ իշխանութիւնը երբեւիցէ ունեցել է այդպիսի մտադրութիւն: Մինչ, այդ երեւակայական զրպարտութեան հիման վրայ, հայ մեռաւ, ամբողջ երկիրը անդունդի սեմին հասաւ… Կամ գոնէ, երկու տասնամեակ դէպի ետեւ գնացինք, դէպի խաւար:

    Կա աւելին՝ եթէ Նախագահը այդպիսի յայտարարութիւն անի, գիտնալով զինք ատողների մեթոտները, բոլորս շատ լաւ գիտենք որ անոնք անմիջապէս պիտի եզրակացնեն ու հոխորտան թէ՝ ահա՛, լիովին յաջողեցաւ իրենց ոճրագործական արարքը, եւ շնորհիւ իրենց է որ իշխանութիւնը հրաժարեցաւ հող յանձնելու իր ծրագրից…

    Եւ ահա արդէն արդարացումը, հերոսացումը՝ գործված ոճիրին, մարդասպանութեան:

    Համայն աշխարհում կա մի էական սկզբունք՝ պատանդ բռնողների հետ կարելի չէ բանակցիլ: Որովհետեւ անոնց ի նպաստ նուազագոյն զիջումը անգամ արժէք կու տա իրենց արարքին, եւ նաեւ՝ կը քաջալերէ ապագա նոյնանման արարքներ:

    Ոստիկանատունը զէնքով բռնագրաւած եւ ոստիկաններ պատանդ բռնած անձիքը պէտք է որ յանձնուին, ու վերջ: Բախտաւոր են դեռ տակաւին ողջ են: Որեւէ այլ երկրում, արդէն վերջացած կ’ըլլար հարցը: Եւ իշխանութեան համբերութիւնը վստահաբար կապ չունի մի քանի տասնեակ փողոցայինները աղմուկին հետ, քանզի Հայութեան ջախջախիչ մեծամասնութիւնը պատրաստ է հանդուրժելու աւելի կտրուկ լուծում այս խնդրին:

    Նկատի ունեցէք որ եթէ այս տագնապը շարունակուի, անկէ դրդվելով եւ քաջալերվելով, թուրքերը կարող են նոր լայնածավալ յարձակում գործել, յուսալով որ վերջապէս կը տապալեն մեր կառավարութիւնը:

    • Atshak says:

      Ոչինչ, ամեն ինչ ունի իր սկիզբը ու ունի իր վերջը:
      Վստահ եմ, որ մեր նախագահւ շատ լավ է հասկանում, թե սրա վերջը երբ է գալու ու ոնց է գալու:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Թույլ կտա՞ք՝ մի համեստ առաջարկություն էլ ես անեմ.
    Թող Սերժ Սարգսյանը կոչ անի իր բոլոր աջակիցներին՝ Ա.Աշոտյանին, Կ.Ավագյանին, ԷՇարմազանովին, Ա. Գեղամյանին, Հ. Բաբուխանյանին՝ Հայաստանից և Հայդուկ Շամլյանին

    • Մարգար Մախսուդյան says:

      …Գանատայից, դուրս գան փողոց, ժողովրդին համոզելու տուն գնալ, իսկ արյունարբու տեռորիստներին՝ հանձնվեն հայրենի իշխանությունների բարեհաճությանը:
      Կարճ՝ կոնկրետ…

      • Հ.Շ. says:

        ես լիովին պատրաստ եմ եւ յօժարակամ այդ պարտականութունի ստանձնելու, Մարգար

        եւ այս պահին Կանատա ալ չեմ, Շուշի եմ,
        այսինքն՝ աւելի հեշտ է գործընթացը

        ես կեանքումս երբեւիցէ չեմ հանդիպել Հայաստանի Նախագահին, ոչ ել իշխանութեան որեւէ ներկայացուցիչին, սակայն ժողովուրդին այդ տեւապէս խռոված, ջղայնացած ու կատղած հատվածը իրոք կարիքը ունի տարրական բացատրութիւնների

        եւ այո, մարդասպանութիւն գործած այդ մոլորեալներին ալ հարկաւոր է ջանալ խօսք հասկցնել, որպէսզի ողջ մնան

        թէ ոչ, լրջօրէն, ի՞նչ է այլընտրանքը, եղբայրս. մի քանի տասնեակ ցուցարարների «ճնշումին» տակ, անմիջական ներում շնորհել ոճրագործներին, եւ թողել որ անոնք հանգիստ իրենց տունե՞րը երթան.

        սակայն նաեւ կա այն հաւանականութիւնը որ այդ անձիքը, իրենք, ուզում են մեռնել… մարտիրոսանալ, իրենց ափ մը զօրակիցներին երեւակայութեան մէջ…

        խելագար վիճակ

        • Մարգար Մախսուդյան says:

          Բա էլ ո՞ւմ եք սպասում, չէ՞ որ 2008-ից ընթացող մեր հայրենիքի անկասելի վերելքը, ես կասեի՝ թռիչքը, վտանգված է: Ի դեպ՝ ասում են ձեր նախագահը հիմա Արցախում է, միասին վերադարձեք Երևան, որտեղ ձեզ սիրահոժար կմիանան նշածս հեղինակավոր անձիք, և… չարագործները ինքնակամ կհանձնվեն, խելագար վիճակը կանէանա, դե իսկ ընդվզած ժողովուրդն էլ գլխիկոր տուն կգնա:

          • Հ.Շ. says:

            Հայաստանում գոնէ 2.5 միլիոն ժողովուրդ կա:

            Ամենախուռներամ բողոքի ցոյցի մասնակիցների ամէնամեծ թիւը, երբեւիցէ, ի՞նչ է եղել…

            Ամբողջ երկիրն է որ պատանդ է բռնուած՝ ծայրահեղական համեմատօրէն ջնջին փոքրամասնութեան մը:

            Այդ ել կոչվում է «փոքրամասնութեան բռմատիրութիւն» :

            Ինչ ուզէք ըսէք, գոնէ իմ խղճին վրայ չէ՝ ոչ սպանուած ոստիկանի մահը, ոչ ել ոճրագործների ճակատագիրը: Մինչ նոյնը չեն կարող ասել իրենց – էականօրէն բանաւոր – զօրակցութեամբ վերջիններս տեւաբար խրախուսողները, քաջալերողները:

          • Մարգար Մախսուդյան says:

            Ըստ իս՝ Ձեր խղճի վրա շատ ավելի ծանր բեռ կա, քան Դուք եք պատկերացնում.
            ՛՛անմնացորդ նվիրումով՛՛ պաշտպանում եք մի վարչախմբի, որ ընտրություններում տանուլ տալուց հետո տաս հոգու կյանքի և հարյուրավորների արյան ու ազատության գնով կառչեց աթոռին ու մինչ օրս այն պահում է ՛՛տոկոսներ խփելով՛՛, իսկ ընդվզողներին նվաստացնելով ու վսուտ պատրվակներով զնդանները նետելով, այդ ընթացքում պետական պարտքը մեկուկեսից հասցնելով հինգ միլիարդ դոլարի, և մինչ Դուք Ձեր ներբողներն եք հղում այդ անարժաններին, յուրաքանչյուր ամիս մեզ / ոչ Ձեր / վրա է ծանրանում միջինը ևս հիսուն միլիոն դոլարի պարտք, էլ չեմ խոսում հուսահատ արտագաղթի և աղքատության ահռելի չափերի մասին:
            Գիտեմ, որ համառությամբ չեմ կարող Ձեզ հետ մրցակցել, ուստի ավարտում եմ խոսքս և ափսոսանք հայտնում, որ այդպես էլ շինիչ առաջարկս չընդունեցիք:

  3. Լևոն says:

    Հայաստանում կա՞ փաստաբան,որ դատարանում ապացուցի “Սասնա ծռերի”անմեղությունը։

  4. Նորիկ says:

    Ես էլ առաջարկություն կանեմ, եթե Արամ Աբրահամյանը պատասխանի իմ մի հարցին։Հարգելի Արամ, Դուք ընդունում ե՞ք, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։

  5. Armine G says:

    Իսկ ծեծող թքող ոստիկանին ի՞նչ անենք, ամբողջ Ժողովրդով թքենք երեսներին:
    Ժողովուրդ, ոտքի: Պետք է կանգնենք Սասնա ծռերի, Ժիրայրի, բոլոր անհատ հերոսիների կողքին, ովքեր պայքարում են հայրենիքի ազատագրման համար:

  6. Լավատես says:

    Իմ պատկերացրած տեսականորեն վատագույն տարբերակը՝ դա պատմության կրկնությունն է, երբ մեր երկրից դեպի արեւմուտք ու դեպի արեւելք քոչվոր ցեղերի պետականությունների փլուզումից առաջացած նոր տեսակի կրոնական պետություն կոչված երեւույթը՝ շատ ավելի մեծաքանակ ու զինված ու հարուստ բանակով կսկսի տեղաբնիկների պետականությունների ոչնչացման իր կենաց մահու կռիվը: Դա կլինի վատագույն տարբերակը, եթե ոչինչ չանենք ու մնանք այսօրվա թե նախորդների տեսակի կառավարությունների անարդյունավետ կառավարման ներքո: Եթե ողջ աշխարհի հայերով դիմագրավենք էդ արհավիրքն ու կենաց մահու կռիվ տանք ու էլ սրա նրա վրա հույս չդնենք, էդ քոչվորներին վերջնականապես կքշենք իրենց ծննդավայրի ուղղությամբ: Եւ դրա համար մեզ պետք է ժամանակակից արդյունավետ գործող Պետություն, որը բոլոր հայերիս կմիավորի մեր գոյության կռվի ու հաղթանակի դրոշի շուրջ: Երկար մտածելու ժամանակ չկա, մեր միջից պետք է ընտրենք լավագույներին՝ անկախ նրանց ցանկություններից, նրանց բերենք իշխանության ու նրանք պետք է դառնան ամենաուժեղներն ու ամենահարուստները ու լսենք ու ենթարկվենք նրանց օրենքներին ու հրամաններին:

  7. Նորիկ says:

    Դե իհարկե մենք, շարքայիններս էտ լեվըլը չունենք, որ Արամ Աբրահամյանը պատասխանի մեր հարցերին։Երբ շարքային քաղաքացուն բանի տեղ չես դնում,հետևանքը՝ “ահաբեկչությունն ա”։Բայց ես զենք ու զինամթերք չունեմ, որ “ահաբեկեմ” “Առավոտ”-ին։Մնում ա մի ճանապարհ՝ արտագաղթը։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031